Մաքս Պլանկի անվան ճանաչողական ունակությունների և գլխուղեղային գիտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ բարձրաձայն և լուռ ընթերցանությունը ներգրավում է ուղեղի տարբեր հատվածներ, որոնք առնչվում են շարժման, լսողության և տեղեկությունների մշակմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuroscience & Biobehavioral Reviews (NBR) բժշկագիտական  հանդեսում։

Գիտնականները վերլուծել են ավելի քան 150 հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակիցները կարդացել են տառեր, բառեր, սխալ բառեր (իմաստազուրկ տառերի հավաքածուներ), նախադասություններ և տարբեր լեզուներով տեքստեր։ Կամավորների ուղեղի ակտիվությունը մոնիթորինգի է ենթարկվել մագնիսառեզոնանսային շերտագրության միջոցով։

Պարզվել է, որ տառեր կարդալը հիմնականում ներգրավում էր ձախ գանգային կեղևի մեկ հատված, մինչդեռ բառերն ու ամբողջական նախադասություններն ակտիվացնում էին ավելի լայն հատվածներ, ներառյալ՝ ձախ քունք-գանգային և ստորին ճակատային գալարը։ Այդ հատվածները տարբեր կերպ են արձագանքում բառերին և սխալ բառերին, ինչը ցույց է տալիս դրանց մասնագիտացված գործառույթները գրավոր տեղեկության մշակման գործում։   

Բացի դրանից, գիտնականները զգալի տարբերություններ են հայտնաբերել բացահայտ (բարձրաձայն) և գաղտնի (լուռ) ընթերցանության միջև։ Բարձրաձայն ընթերցանությունն ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք առնչվում են շարժմանը և լսողությանը, մինչդեռ երկրորդն առնչվում է տարբեր ճանաչողական համակարգերին։

Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, թե ինչպես է ուղեղը տարբերակում բացահայտ և անուղղակի ընթերցանությունը։ Օրինակ՝ բառերի և սխալ բառերի լուռ ընթերցանությունն ակտիվացրել է գլխուղեղի ձախ ակնաճակատային կեղևի, փոքր ուղեղի և քունքային կեղևի հատվածները։ Միևնույն ժամանակ, բառապաշարային սահմանումները՝ տառերի հավաքածուն բառ դարձնելու որոշումը ներառում էր և՛ ստորին ճակատային, և՛ մեկուսացված հատվածները։

Հեղինակներն ընդգծել են, որ արդյունքներն օգնում են ավելի լավ հասկանալ ընթերցանության նյարդակենսաբանական հիմքը և կարող են օգտակար լինել խոսքի և ճանաչողական ունակությունների խանգարումների ախտորոշման և բուժման եղանակներ մշակելու առումով։