Կախվածությունների բուժման ազգային կենտրոնին Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամից փորձել են պարտադրել իրականացնել երկարատև ազդեցության բուպրենորֆին դեղամիջոցի ազդեցության ուսումնասիրություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը։
«2024 թվականի հունվարին նամակ եմ ստանում ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Ինեսսա Ասմանգուլյանից, որով առաջարկվում էր ուսումնասիրություն իրականացնել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի պացիենտների շրջանում՝ «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության հետ համատեղ (ներկայացուցիչ՝ Կամո Դավթյան):
Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ ինչ կապ ունի տիկին Ասմանգուլյանը թմրամիջոցների ոլորտի հետ: Եթե ինչ-որ մեկը պատկերացում ունի, թող ասի:
Ինչ էր ենթադրում իրենից այս ավանտյուրան: Անհրաժեշտ էին օփիոիդային կախվածություն ունեցող 50 պացիենտներ, ովքեր պետք է համաձայնություն հայտնեին 3 տարի շարունակ ստանալ երկարատև ազդեցության բուպրենորֆին: Այս դեղամիջոցը վերջերս է գրանցվել ԱՄՆ-ում: Ուսումնասիրության նպատակը դեղի ազդեցության գնահատումն էր:
Այսինքն՝ բժիշկները պետք է մեթադոնային բուժում ստացող պացիենտներին համոզեին փոխել դեղամիջոցը՝ անցնելով ծանր օփիոիդային զրկանքի փուլով: Ուսումնասիրության կազմակերպիչները (հիմնական փող ստացողները) որևէ ռեալ կապ չէին ունենալու պացիենտների հետ՝ բնականաբար որևէ պատասխանատվություն չկրելով նրանց առողջական վիճակի համար:
Բայց այստեղ մի կարևոր «բայց» էլ կա: Դա ոչ թե նոր ներդրվող երկարատև բուժման ծրագիր էր, այլ երեք տարի տևողությամբ արկածախնդրություն՝ առանց շարունակելիության երաշխիքի: Ավելի մատչելի ասած՝ երեք տարի անց հայտնի չէր լինելու պացիենտների ճակատագիրը:
Այսինքն՝ ինչ-որ մարդկանց փող աշխատելու համար մեզ փորձում էին պարտադրել իրականացնել այս ուսումնասիրությունը՝ նոր ծանր պատասխանատվության բեռ դնելով առանց այն էլ գերծանրաբեռնված բժիշկների ուսերին, նաև վարքային լրջագույն խնդիրներ ունեցող օփիոիդային կախվածությամբ պացիենտներին վերածելով «փորձարարական ճագարների»:
Իհարկե ես դա թույլ չտվեցի: Վստահ եմ՝ իմ հեռանալուց հետո նմանատիպ շատ անձինք են միայն իրենց շահի համար փորձելու կենտրոնի մասնագետներին և պացիենտներին ներքաշել այսօրինակ արկածախնդրությունների մեջ, բայց վստահ եմ նաև, որ դա չի ստացվելու», – գրել է Սուրեն Նազինյանը։






