ԱՄՆ Հյուսիսարևելյան համալսարանիգիտնականները ենթադրել են, որ ֆիզիկական ակտիվության տարիքային անկումը կապված է ոչ միայն մկանային զանգվածի և շարժունակության կորստի, այլև ուղեղի ֆունկցիայի փոփոխությունների հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Gerontology (JGeront) բժշկագիտական հանդեսում:
Գիտական աշխատանքը հիմնված է Քեմբրիջի ծերացման և նյարդաբանության կենտրոնի անցկացրած հետազոտության տվյալների վրա, որին մասնակցել են 18-81 տարեկան կամավորներ։ Գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիվության կտրուկ անկումը սկսվում է մոտավորապես 49 տարեկանում։ Դա համընկնում է ուղեղի՝ ուշադրության և ինքնատիրապետման համար պատասխանատու որոշակի հատվածներում տեղի ունեցող փոփոխությունների հետ։ «Մենք հայտաբերեցինք, որ ուղեղը կարող է կանխատեսել ֆիզիկական ակտիվության նվազում»,-ասում է ֆիզիկական թերապիայի դոցենտ և հոդվածի համահեղինակ Թիմոթի Մորիսը։
Հետազոտողները կենտրոնացել են այսպես կոչված «ուշադրության ցանցի» վրա՝ ուղեղի կառուցվածքների խմբի, որը ներառում է կղզյակի կամ կենտրոնական մասի (lobus insularis) և թիկնային առջևի գանգուղեղային կեղևը (cortex cingularis anterior): Այս գոտիները մեզ օգնում են կողմնորոշվել տարածության մեջ և վերահսկել իմպուլսիվ ռեակցիաները։ Տարիքի հետ այս հատվածների արդյունավետությունը նվազում է, ինչն, ըստ գիտնականների, դժվարացնում է ֆիզիկական ակտիվության պահպանումը։
«Երբ մտնում եք տուն ևձեր հայայցքն ընկնում է բազմոցին, պետք է ճնշեք նստելու ավտոմատ ցանկությանը։ Տարիքի հետ այս «արգելակող վերահսկողությունը» թուլանում է, և հանգստանալու ցանկությունը հաղթում է»,-պարզաբանում է Մորիսը։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ տարիքային անգործության նյարդային պատճառները հասկանալը կօգնի մշակել տարեց մեծահասակների ակտիվությունը սատարող ռազմավարություններ:






