Ըստ Սուրեյի համալսարանի անցկացրած նոր հետազոտության՝ Այն տարիքը, երբ երեխաները անում են իրենց առաջին քայլերը, մեծապես կախված է գենետիկայից։
Իր տեսակի մեջ առաջին հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են ավելի քան 70 հազար նորածինների գենետիկական տեղեկությունները։ Նրանք նույնականացրել են ժամանակի վրա ազդող 11 գենետիկական մարկերներ, երբ երեխաները սկսում են քայլել, ինչը բազմաթիվ հնարավորություններ է բացում ապագա խոր կենսաբանական հետազոտությունների համար։
Nature Human Behavior բժշկագիտական հանդեսում հրապարակված հոդվածում պարզվել է, որ երեխաների առաջին քայլերը կատարելու ժամանակի տարբերությունների մոտ մեկ քառորդի համար հենց գենետիկան է պատասխանատու։ Գիտնականները տարիներ շարունակ գիտեին, որ շրջակա միջավայրի գործոնները կարող են ազդել նրա վրա, թե երբ են երեխաները քայլելու, սակայն այս նոր հայտնագործությունը ցույց է տալիս, որ գենետիկան նույնպես զգալի ազդեցություն ունի։
Սա վկայում է նրա մասին, որ ինչպես այլ հատկանիշների դեպքում, ինչպիսին է հասակը, որոշ երեխաներ կարող են բնականաբար սկսել քայլել ավելի վաղ կամ ուշ՝ իրենց գենետիկ նախատրամադրվածության պատճառով։
Երեխաների մեծ մասն իրենց առաջին քայլն անում է 8-24 ամսական հասակում, ուստի մոտավորապես սա այն ժամանակն է, երբ տեղի է ունենում այս հուզիչ իրադարձությունը։ Դա կարևորագույն պահ է ինչպես ծնողների, այնպես էլ՝ երեխայի համար։ Առաջին քայլերը խորհրդանշում են երեխայի կյանքի նոր փուլը։
Քայլելը ոչ միայն երեխայի զարգացման կարևորագույն փուլ է, այլև գենետիկորեն կապված է մարդու զարգացման շատ այլ կարևոր ասպեկտների հետ։ Հետազոտրությունը միաժամանակ պարզել է, որ երեխաների առաջին քայլի վրա ազդող գենետիկական գործոնները մասամբ համընկնում են ուղեղի զարգացման վրա ազդող գենետիկական գործոնների հետ, ներառյալ ուղեղի արտաքին մակերեսին («գլխուղեղի կեղևի») ծալքերի և ելուստների քանակը:
Ավելին, նորմայի սահմաններում ուշ քայլելը գենետիկորեն կապված էր ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշի (ՈՒԴՀՀ) զարգացման ավելի ցածր ռիսկի հետ։ Ի վերջո, հետազոտությունը պարզել է, որ քայլելու համեմատաբար ուշ սկիզբը պայմանավորված էր կրթության ավելի բարձր մակարդակին առնչվող նույն գեներով։






