Մարդկությանը կարող է սպառնալ նոր համաճարակ՝ ընտանի կատուների շրջանում թռչնագրիպի վիրուսի (H5N1) տարածման ֆոնին։ Այս եզրակացությանն են հանգել Մերիլենդի համալսարանի հանրային առողջության դպրոցի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Open Forum Infectious Diseases ամսագրում:
Վերջին 20 տարվա տվյալների վերանայման ժամանակ հետազոտողները հայտնաբերել են մտահոգիչ միտում՝ վիրուսը ակտիվորեն մուտացիայի է ենթարկվում եւ տարածվում տեսակների միջեւ: Մասնագետներին հատկապես մտահոգում է կատուների բարձր խոցելիությունը: 18 երկրներում կենդանիների վարակման 607 դեպքերի կեսը մահացու ելք է ունեցել:
Վիրուսը կարող է ներթափանցել կենդանիների օրգանիզմ, որոնք ուտում են վարակված թռչուններ, հում միս եւ նույնիսկ վարակված կովերի կաթ են խմում։ Սակայն կատուների մեջ թռչնագրիպի ախտորոշումը առավել հաճախ կատարվում է հետմահու, ինչը դժվարացնում է ճիշտ ժամանակին բռնկումների հայտնաբերումը:
H5N1-ն առաջացնում է ծանր նյարդաբանական ախտանիշներ, որոնք նման են կատաղության: Ըստ հետազոտողների՝ վիրուսի տարածումը հատկապես վտանգավոր է ընտանի եւ գյուղատնտեսական կենդանիների շրջանում։ Ապաստարանները, ֆերմաները եւ կենդանաբանական այգիները կարող են դառնալ վարակի օջախ: Գիտնականները չեն բացառում, որ հետագա մուտացիաները թույլ կտան վիրուսը փոխանցել մարդկանց միջեւ օդակաթիլային ճանապարհով։
Հաշվի առնելով մարդու մոտ H5N1-ից բարձր մահացությունը, որը որոշ բռնկումների ժամանակ հասնում է 60 տոկոսի, մասնագետները կոչ են անում ուժեղացնել սանիտարական եւ համաճարակաբանական վերահսկողությունը։






