Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ TMPRSS11D սպիտակուցը ծառայում է որպես «դուռ», որն օգնում է գրիպի, մրսածության եւ COVID-19 վիրուսներին արդյունավետորեն ներթափանցել մարդու շնչուղիների բջիջներ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications (NatCom) ամսագրում:
Օգտագործելով օպտիկական միկրոսկոպիայի տեխնիկան՝ հետազոտողները առաջին անգամ հայտնաբերել են մարդկային TMPRSS11D սպիտակուցի բյուրեղային կառուցվածքները, որոնք վիրուսներն օգտագործում են որպես «մուտք» դեպի օրգանիզմ:
Այս «դռնային» սպիտակուցի մոլեկուլային կառուցվածքի իմացությունը կարեւոր է կորոնավիրուսի եւ գրիպի վիրուսների դեմ արդյունավետ դեղամիջոցներ գտնելու համար, քանի որ այն շատ նման է մարդու օրգանիզմի այլ կարեւոր սպիտակուցներին, նշել է հետազոտության առաջատար հեղինակ Բրայան Ֆրեյզերը:
«Շատ կարեւոր սպիտակուցներ, որոնք ներգրավված են արյան մակարդման գործընթացում, նման են TMPRSS-ին»,- բացատրել է Ֆրեյզերը:
Գիտնականները նշել են, որ TMPRSS սպիտակուցի ներգործությունը կարող է նաեւ լինել կարեւոր գործոն վարակների դադարեցման եւ վերքերի բուժման գործընթացի խաթարման միջեւ:
«Մեր ոլորտում հիմնական մարտահրավերը իսկապես արդյունավետ միացություններ կամ դեղերի թեկնածուներ գտնելն է, որոնք ընտրողականություն են ցուցաբերում հետաքրքրող թիրախի համար եւ չեն արգելափակում այլ կարեւոր գործառույթները»,- նշել է Ֆրեյզերը:
Գիտնականներն ավելացրել են, որ նոր տվյալները նաեւ կօգնեն գտնել արդյունավետ ուղիներ՝ թիրախավորելու համար համավարակի վտանգ ներկայացնող կորոնավիրուսները։






