Ասիայում գրանցվել է COVID-19 դեպքերի նոր ալիք, մասնավորապես՝ Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում, ինչպես նաև Սինգապուրում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ է նկատվել։ Վարակման դեպքերի նոր ալիքի մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Bloomberg-ի տեղեկություններով՝ տարածաշրջանում վարակվածների թիվն արդեն մի քանի ամիս է, ինչ աճում է, ինչը պարբերաբար հանգեցնում է հիվանդության նոր ալիքների ի հայտ գալուն։ Հոնկոնգի և Սինգապուրի իշխանությունները հանրությանը վերստին պատվաստվելու կոչ են անում, իսկ ռիսկի խմբում գտնվող մարդկանց հորդորում կրկնակի պատվաստում ստանալ։
Հոնկոնգի առողջապահության պաշտպանության կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի վարիչ Օու Ցզյաժունգը մայիսի 13-ին RTHK հեռուստատեսության եթերում զգուշացրել է նոր կորոնավիրուսային վարակի դեպքերի «բավականին բարձր մակարդակի» մասին։ Նա հայտնել է, որ Հոնկոնգում անցյալ շաբաթ արձանագրվել է 2024 թվականի ապրիլից ի վեր գրանցված դեպքերի ամենաբարձր թիվը։ Նա հավելել է, որ բժիշկներին դիմածների և հոսպիտալացումների թիվը, ինչպես նաև կեղտաջրերում վիրուսի մակարդակը շարունակում է աճել։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Սինգապուրը, որը տարածաշրջանի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկն է, «տագնապի մեջ է» կորոնավիրուսի նոր ալիքի կապակցությամբ։ Այսպես, մայիսին երկրի առողջապահության նախարարությունը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հրապարակել է COVID-19 դեպքերի վերաբերյալ թարմացված վիճակագրությունը։ Հաղորդագրությունում, որն, ըստ գործակալության, հրապարակվում է միայն «նշանակալի աճերի» դեպքում, նշվում է, որ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 28%-ով ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան նախորդ շաբաթ, իսկ հոսպիտալացումներն աճել են 30%-ով։ Իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տվել նախազգուշական միջոցներ ձեռնարկել, իսկ մարդաշատ վայրերում դիմակ դնել։






