Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը վերջին մեկ ամսվա ընթացքում COVID-19-ով վարակի դեպքերի թվի զգալի աճ է գրանցել:
Կենտրոնն ավելի վաղ հրապարակել էր մարտի 31-ից մայիսի 4-ը մայրցամաքային Չինաստանում շնչառական հիվանդությունների դեպքերի վիճակագրությունը: Հրապարակված տվյալներով՝ հիվանդանոցներում գրիպանման հիվանդությամբ բուժառուների շրջանում COVID-19 դրական թեստերի մակարդակը մարտի 31-ից ի վեր յոթօրյա ժամանակահատվածում գրանցված 7,5%-ից աճել է, ապրիլի 27-ից ի վեր նույն ժամանակահատվածում գրանցելով 16,2% աճ:
«Այդ ամիս կորոնավիրուսի դրական թեստերի մակարդակն աճել է, հարավային նահանգներում ցուցանիշներն ավելի բարձր են, քան հյուսիսային նահանգներում»,-ասված է զեկույցում։
Միաժամանակ, կենտրոնը նշել է, որ որոշ նահանգներում, որտեղ նախկինում դրական արդյունքների թվի աճ էր գրանցվել, վարակի դեպքերի թվի աճը նշված ժամանակահատվածում դանդաղել է։
Ինչպես ընդգծել է կենտրոնը, այսօր մայրցամաքային Չինաստանում շնչառական վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակն «ընդհանուր առմամբ ցածր մակարդակի վրա է»։ Նշվում է նաև, որ դրանց պատճառով անհայտ հարուցիչներ կամ նոր վարակիչ հիվանդություններ չեն հայտնաբերվել։
Ըստ China Daily պարբերականի՝ Գուանչժոուի ութերորդ ժողովրդական հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների կենտրոնի գլխավոր փորձագետ Ցայ Վեյպինգը նշել է, որ COVID-19-ի պարբերական բռնկումների վերաբերյալ անհանգստանալու կարիք չկա, սակայն խորհուրդ է տվել բարձր ռիսկի խմբերի մարդկանց համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։






