Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի (ԲելՊԱՀՀ) մասնագետները ստեղծել են մտքի ուժով կառավարվող ձեռքի պրոթեզ։ Ի տարբերություն Իլոն Մասկի ընկերության կողմից մշակվող անալոգների, ձեռքի պրոթեզը մարդու ուղեղի հետ միացնելու համար վտանգավոր վիրահատական միջամտություն չի պահանջվում։ Պրոթեզը լիովին ռուսաստանյան մշակում է, «ՌԻԱ Նովոստի»-ին ընդգծել են ԲելՊԱՀՀ մամուլի ծառայությունում։
Մարդու գլխուղեղը բաժանված է բաժինների, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է մարմնի իր գործառույթների համար։ Շարժումները կառավարում է ճակատային բլթի այն հատվածը, որը կոչվում է շարժողական կեղև։ Երբ մարդը ցանկանում է շարժել մատները, բռունցք անել կամ այլ գործողություն կատարել, շարժողական կեղևում գրգռվում են մասնագիտացված բջիջների՝ նեյրոնների առանձին խմբեր։ Եթե հաշվարկվի, թե կոնկրետ որ նեյրոններն են ակտիվացել, ապա կարելի է անհրաժեշտ ազդանշանը փոխանցել պրոթեզին, պատմել են Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի (ԲելՊԱՀՀ) մասնագետները։
Գրգռված նեյրոնների աշխատանքն ապահովելու համար դրանց արյուն է մատակարարվում։ Արյան մեջ պարունակվող հեմոգլոբինը ուղեղի բջիջներին թթվածին է հասցնում և հեռացնում է ածխաթթու գազը։ Հեմոգլոբինի մոլեկուլը կլանում է լույսի ճառագայթումը մոտակա ինֆրակարմիր տիրույթում՝ 780-ից մինչև 2500 նանոմետր ալիքի երկարությամբ (ամենաակտիվը՝ 850 նանոմետր), պարզաբանել է ԲելՊԱՀՀ տեղեկատվական և ռոբոտատեխնիկական համակարգերի ամբիոնի պրոֆեսոր Անդրեյ Աֆոնինը։
Հեմոգլոբինի՝ լույս կլանելու հատկության վրա է հիմնված բիոնիկ պրոթեզների կառավարման համակարգը, որը ստեղծվում է ԲելՊԱՀՀ-ում։ «Մտքեր կարդալու» համար մասնագետներն առաջարկում են տեղադրել ինֆրակարմիր ճառագայթման արտաքին աղբյուր, որը «ճառագայթում է» ուղեղի շարժողական կեղևը, և արտաքին տվիչ՝ չկլանված լույսի քանակը որոշելու համար։ Ըստ այն բանի, թե որքան լույս է մնացել չկլանված, որոշվում է, թե որ նեյրոններն են ակտիվ և, համապատասխանաբար, թե կոնկրետ ինչ գործողություն է ցանկանում կատարել մարդը։
«Աշխարհում նմանատիպ համակարգերը, օրինակ՝ Իլոն Մասկի ընկերության կողմից ստեղծվողները, ենթադրում են էլեկտրոդների ներդրում անմիջապես գլխուղեղի մեջ, ինչն ինքնին վտանգավոր է։ Բացի այդ, էլեկտրոդները պետք է փոխել կարճ ժամանակ անց՝ դրանց շարքից դուրս գալու պատճառով։ Մենք առաջարկում ենք ավելի անվտանգ ռազմավարություն բիոհամանման պրոթեզների կառավարման համար՝ առանց ուղեղում էլեկտրոդների ներդրման։ Մեր պրոթեզները կկառավարվեն մարդու կողմից արտաքին սարքի միջոցով», — պատմել է Աֆոնինը։
ԲելՊԱՀՀ գիտնականների կողմից ստեղծվել է ինֆրակարմիր (ԻԿ) հաղորդիչի միջոցով մտքով կառավարվող ռուսաստանյան պրոթեզի աշխատանքային մակետը։ Սարքը կարող է կատարել պարզ շարժումներ, օրինակ՝ սեղմել և բացել դաստակը ուղեղի նեյրոնների «պահանջով»։
Հետագայում մշակման հեղինակները նախատեսում են կատարելագործել համակարգը՝ ավելացնելով մատները շարժելու և մանր մոտորիկայի հմտություններ պահանջող գործողություններ կատարելու հնարավորություն՝ բթամատով և ցուցամատով պինցետային բռնվածքի միջոցով (կոճակներ կոճկել, գրել, նկարել, կարել, երաժշտական գործիքներ նվագել և այլն)։ Նաև ԲելՊԱՀՀ գիտնականները նախատեսում են հետագայում ստեղծել ոտքերի բիոնիկ պրոթեզներ։






