ՄԱԿ-ի առողջապահության գործակալությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), երեքշաբթի ընդունել է ապագա համավարակային ճգնաժամերի հաղթահարման վերաբերյալ դարակազմիկ համաձայնագիր՝ COVID-19 ճգնաժամով պայմանավորված ավելի քան երեք տարվա բանակցություններից հետո, հաղորդում է Ֆրանսպրեսը։
Համաձայնագրի նպատակն է COVID-19 համավարակին ուղեկցող անհամաձայնեցված արձագանքից և միջազգային քաոսից խուսափելը՝ բարելավելով գլոբալ համակարգումն ու հսկողությունը, ինչպես նաև պատվաստանյութերի հասանելիությունը ապագա համավարակների դեպքում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենամյա որոշումների ընդունման ասամբլեան ծրագիրն ընդունել է երեքշաբթի՝ Ժնևի կենտրոնակայանում։
Համաձայնագրի տեքստը վերջապես կոնսենսուսով համաձայնեցվեց անցյալ ամիս՝ մի շարք լարված բանակցություններից հետո։ Միացյալ Նահանգները դուրս եկավ այդ բանակցություններից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ-ից իր երկիրը դուրս բերելու որոշումից հետո. գործընթացը տևեց մեկ տարի։
«Աշխարհն այսօր ավելի անվտանգ դարձավ մեր անդամ պետությունների առաջնորդության, համագործակցության և համավարակի դեմ պայքարելու համար ԱՀԿ-ի պատմական համաձայնագիրը ընդունելու հանձնառության շնորհիվ»,- հայտարարության մեջ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը,- Համաձայնագիրը հաղթանակ է հանրային առողջապահության, գիտության և բազմակողմ գործողությունների համար։ Սա մեզ հնարավորություն կտա համատեղ ավելի լավ պաշտպանելու աշխարհը ապագա համավարակի սպառնալիքներից։ Սա նաև վկայությունն է, որ միջազգային հանրությունն ընդունում է մեր քաղաքացիների, հասարակությունների և տնտեսությունների՝ COVID-19-ի նման համավարակների հանդեպ խոցելի չլինելու և կորուստների չենթարկվելու կարևորությունը։
Համաձայնագիրը նպատակ ունի համավարակներն ավելի արդյունավետորեն հայտնաբերելու և դրանց դեմ պայքարելու՝ ամրապնդելով միջազգային համակարգումն ու վերահսկողությունը, ինչպես նաև՝ ապահովելով պատվաստանյութերի և բուժման մեթոդների ավելի արդարացի հասանելիություն։
Բանակցությունները լարված են եղել հարուստ և զարգացող երկրների միջև տարաձայնությունների համատեքստում, քանի որ վերջիններս COVID-19 համավարակի ժամանակ զրկված են եղել պատվաստանյութերից։
Համաձայնագրին դիմադրել են նաև նրանք, ովքեր կարծում էին, որ այն կխախտի պետական ինքնիշխանությունը։
Երկրները մինչև 2026 թվականի մայիս ժամանակ ունեն բանակցելու համաձայնագրով նախատեսված պաթոգենների հասանելիության և օգուտների բաշխման մեխանիզմի մանրամասների վերաբերյալ։
PABS մեխանիզմը նախատեսում է համավարակի ներուժ ունեցող հարուցիչներին հասանելիության, ինչպես նաև՝ դրանցից ստացված օգուտների՝ պատվաստանյութերի, թեստերի և բուժումների համատեղ օգտագործում։
PABS համակարգի վերջնական մշակումից հետո համաձայնագիրը հնարավոր կլինի վավերացնել։ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է 60 վավերացում։






