Անգլիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը կսկսի մարդկանց պատվաստումը սեռական ճանապարհով փոխանցվող վարակի՝ գոնորեայի դեմ, հայտնում է BBC News-ը։ Պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 30-40%, սակայն Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությունը հույս ունի, որ այն կօգնի կանխել վարակների թվի աճը։ 2023 թվականին գրանցվել է ավելի քան 85 000 դեպք՝ ամենաբարձր ցուցանիշը 1918 թվականից ի վեր։

Գոնորեան ոչ միշտ է ուղեկցվում ախտանշաններով, սակայն դրանք կարող են ներառել ցավ, անսովոր արտադրություն, սեռական օրգանների բորբոքում և անպտղություն։ Հայտնի չէ, թե քանի մարդ կցանկանա պատվաստվել։

Սակայն Լոնդոնի Կայսերական քոլեջի կանխատեսումները ցույց են տալիս, որ եթե այս ծրագիրը ժողովրդականություն վայելի, ապա այն կարող է կանխել 100 000 դեպք և Առողջապահության ազգային ծառայության համար խնայել գրեթե 8 միլիոն դոլար հաջորդ տասնամյակի ընթացքում։

Պատվաստումը կսկսվի օգոստոսին և կիրականացվի սեռական առողջության ծառայությունների շրջանակներում։ Շոտլանդիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իրենք նույնպես ծրագրեր են մշակում բարձր ռիսկային խմբերի անձանց համար սեփական ծրագիր սկսելու ուղղությամբ։

Հյուսիսային Իռլանդիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այս հարցը քննարկվում է, և մոտ ժամանակներս սպասվում է պաշտոնական հայտարարություն։