Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսը Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնաբերվել է մոծակների շրջանում, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է Եվրոպայում վեկտորային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ավելի տարածված դառնալու վտանգը, գրում է Euronews-ը։

Մեծ Բրիտանիայի առողջապահական անվտանգության գործակալության (UKHSA) տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում առայսօր մարդկանց շրջանում վարակի դեպքեր չեն գրանցվել, և հանրության համար ռիսկը շատ ցածր է։ Սակայն գործակալությունն ուժեղացնում է հսկողությունը և բժիշկներին խորհուրդ է տալիս ստուգել որոշ բուժառուների, որոնց առողջական խնդիրները կարող են առնչվել վիրուսին։

Գործակալությունը հայտնել է, որ Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսի բեկորներ են հայտնաբերվել Նոթինգհեմշիրի ճահճուտներից 2023 թվականի հուլիսին հավաքված մոծակների երկու խմբերի շրջանում։ Նույն տարածքում հավաքված մոծակների 198 նմուշի թեստերն էլ վիրուսի առկայության համար բացասական են եղել։

Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսը, որը պատկանում է դենգեի և դեղին տենդի վիրուսների նույն ընտանիքին, հաճախ հանդիպում է թռչունների շրջանում և փոխանցվում է մոծակների խայթոցների միջոցով։ Մարդիկ ևս կարող են վարակվել, չնայած նրանց մոտ 80%-ի շրջանում ախտանիշներ ի հայտ չեն գալիս։ Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Ուգանդայում 1937 թվականին և լայնորեն տարածված է Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Ամերիկայում և Արևմտյան Ասիայում։