Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը զարմանում է՝ ինչպես են կենտրոնում ստուգումների ժամանակ մոտ 270 միլիոն դրամի  խախտումներ արձանագրելուց, այնուհետև այդ գումարը մինչև 87 միլիոն դրամ նվազեցնելուց, հետո փաստացի 20 միլիոն դրամով «բավարարվելուց» հետո Առողջապահության նախարարության և դրան առընթեր Պետական առողջապահական գործակալության աշխատակիցներից ոմանք դեռևս պահպանում իրենց պաշտոնները։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ որևէ այլ գերատեսչությունում՝ հարկային կամ պետական վերահսկողության ծառայությունում, իրենց ոչ կոմպետենտության պատճառով նման կարգի աշխատակիցները վաղուց կկորցնեին աշխատանքը, մինչդեռ Առողջապահության նախարարությունում նրանք շարունակում են ղեկավար պաշտոններ զբաղեցնել։

Օրինակ, ըստ նրա,  երբ 270 միլիոն դրամից որպես մեծ լավություն 172 միլիոն դրամ է հանվել, և 87 միլիոնի համար կազմվել է նոր եզրակացություն, Նազինյանին առանց էլեկտրոնային փոստով պաշտոնական ծանուցում ուղարկելու SMS հաղորդագրությամբ Առողջապահության նախարարություն են կանչել՝ եզրակացությունը ստորագրելու։

Երբ նա նոր եզրակացությունը խնդրել է ծանոթանալու համար, փաստաթղթի էջերը լուսանկարել են և ուղարկել WhatsApp-ի միջոցով։ Առողջապահության նախարարության հետ Նազինյանի սագան ավարտվել է նրանով, որ 2023 թվականին կենտրոնի բյուջեն կրճատվել է 20 միլիոն դրամով։ Ավելի ստույգ՝ այդ 20 միլիոնը փոխանցել են, ապա «խնդրել» վերադարձնել, իսկ կենտրոնին «որպես նվեր» այդ գումարից մնացել են հարկերը։

Թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել, դիտեք Սուրեն Նազինյանի հետ մեր տեսահարցազրույցում։