Այս տարի Չեխիայի Հանրապետությունում արդեն գրանցվել է այս վիրուսից մահվան վեց դեպք, մինչդեռ ամբողջ նախորդ տարվա ընթացքում դրանք երկուսն էին։ Չեխիայում տարեսկզբից նկատվում է հեպատիտ A-ով հիվանդացության աճ։
Առաջին չորս ամսվա ընթացքում երկրում գրանցվել է հիվանդության 450 դեպք և վեց մահ, համեմատած անցած տարի գրանցված 636 դեպքի և երկու մահվան հետ, գրում է Euronews-ը։
Սակայն չեխ պաշտոնյաներն ասում են, որ վարակման դեպքերի իրական թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բարձր է, քանի որ շատ դժվար է հետևել լյարդի բորբոքում առաջացնող վիրուսի տարածմանը, որը հազվադեպ դեպքերում կարող է հանգեցնել մահվան։
«Մենք փորձից գիտենք, որ նույնիսկ մեկ հաստատված դեպքը հետագայում կարող է մեծ խնդիր նշանակել», - ասվում է Առողջապահության պետական ինստիտուտի հայտարարության մեջ։
2022 թվականին 30 եվրոպական երկրներում գրանցվել է հեպատիտով հիվանդացության 4548 դեպք։
Մարդիկ կարող են վարակվել հիվանդ մարդու կղանքի հետ շփումից հետո, օրինակ՝ չլվացված ձեռքերի, վարակված սննդի կամ ջրի, կամ կեղտոտված դռների բռնակների միջոցով։
Վատ սանիտարահիգիենիկ պայմաններով վայրերը վիրուսի բազմացման համար իդեալական միջավայր են։
Չեխ պաշտոնյաների վկայությամբ, վարակված մարդկանց մեծամասնության մոտ ախտանշաններ չեն դրսևորվում, սակայն մոտավորապես 10 տոկոսի մոտ առաջանում են առողջական լուրջ խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել լյարդային անբավարարության և նույնիսկ մահվան։
Բարձր ռիսկի խմբում են 50 տարեկան և բարձր տարիքի մեծահասակները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր արդեն ունեն լյարդի քրոնիկ հիվանդություններ։
Այլ ախտանշանների թվում են ջերմությունը, ախորժակի կորուստը, փորլուծությունը, սրտխառնոցը և աչքերի ու մաշկի դեղնելը։
Սովորաբար վարակված մարդկանց մոտ ախտանշանները դրսևորվում են երկու-չորս շաբաթվա ընթացքում, մինչ այդ նրանք կարող են վիրուսը կրել մեկ կամ երկու շաբաթ, այսինքն՝ մարդիկ կարող են տարածել հեպատիտ A-ն՝ նույնիսկ չկասկածելով, որ վարակված են։
Այս տարի հեպատիտ A-ով հիվանդացության ամենաշատ դեպքերը գրանցվել են երկրի մայրաքաղաք Պրահայում և հարակից Կենտրոնական Չեխիայի երկրամասում, ինչպես նաև Լեհաստանի և Սլովակիայի հետ սահմանակից Մորավիա-Սիլեզիայի երկրամասում։
Պաշտոնյաները նշում են, որ վիրուսը տարածվում է երեխաների, դեռահասների, երիտասարդների և մեծահասակների շրջանում։ Պրահայում գրեթե յուրաքանչյուր երրորդ հիվանդն անօթևան է, նրանցից շատերը թմրանյութ են օգտագործում։
Սակայն հեպատիտ A-ի նկատմամբ ընկալունակ մարդկանց թիվը, քանի որ նրանք պատվաստված չեն եղել կամ շփվել են վիրուսի հետ, «աստիճանաբար աճում է», հավելել են նրանք։
Առողջապահության ներկայացուցիչները մարդկանց կոչ են արել պատվաստվել հեպատիտ A-ի դեմ։ Երկու դեղաչափը, որոնք ընդունվում են վեցից տասնութ ամիս ընդմիջումով, կօգնեն պաշտպանել մարդուն վարակից։
Պատվաստումը, որն արժե մոտ 1700 կրոն (մոտ 68 եվրո), պարտադիր չէ, սակայն այն ներառված է բժշկական ապահովագրության որոշ ծրագրերում։
Քանի որ վարակված մարդկանցից շատերն անօթևան են, չեխ բժիշկներն անվճար պատվաստանյութ են բաժանում կացարաններում։ Պրահայում պատվաստում են անցնում նաև թմրամոլների և փողոցում ապրողների հետ աշխատող մարդիկ։
«Այս մարդկանց համար շատ դժվար է պահպանել հակահամաճարակային միջոցառումները, իսկ շփումների հետագծումը հատկապես խնդրահարույց է», ինչը դժվարացնում է վիրուսի տարածման վերահսկողությունը, ասում են պաշտոնյաները։
Անցած տարի պաշտոնյաները հետագծել են հեպատիտ A-ով վարակված մարդկանց հետ 6375 շփում։
Մերձավոր շփումներ ունեցող և չպատվաստված անձանց արգելվում է այցելել հանրային լողավազաններ, սաունաներ, ամառային ճամբարներ և այլ խոշոր միջոցառումներ։