НИТУ МИСИС գիտատեխնիկական համալսարանի գիտնականները «Օստեո-Սայբեր» արդյունաբերական գործընկերոջ հետ համատեղ ստեղծել են Ռուսաստանում առաջին արտադրական հարթակը բիոռեզորբացվող մագնիումի փոխպատվաստուկների թողարկման համար՝ դիմածնոտային վիրաբուժության եւ վնասվածքաբանության ոլորտում օգտագործման նպատակով։ Մետաղական կոնստրուկցիաների առավելությունն այն է, որ դրանք պետք չէ հեռացնել օրգանիզմից, որոշ ժամանակ անց դրանք տարրալուծվում են։ Արտադրության լրիվ ցիկլի մշակումը թույլ կտա կրճատել վերականգնման ժամանակը եւ նվազագույնի հասցնել բարդությունների վտանգը, գրել է «Научная Россия»-ն։

Տեխնոլոգիան համապատասխանում է արդյունաբերության եւ առեւտրի նախարարության արտադրանքի ցանկին եւ ուղղված է ներմուծման փոխարինմանը բժշկության ոլորտում։

НИТУ МИСИС-ի գիտնականների ստեղծած ձուլվածքներն ունեն ինքնատիպ հատկություններ՝ բիոհամատեղելի են, ունեն օպտիմալ օգտագործման հատկություններ։ Նորարարական մեթոդները թույլ են տալիս կարգավորել նյութի տարրալուծման արագությունը։ Ֆիքսող կոնստրուկցիան աստիճանաբար փոխարինվում է ոսկրային հյուսվածքով, եւ դրա շնորհիվ անհետանում է կրկնակի վիրահատության անհրաժեշտությունը։

«Առաջին կլինիկական փորձարկումը տեղի ունեցավ ՌԴ առողջապահության նախարարության Բժշկության ռուսաստանյան համալսարանի հիման վրա։ Գործընկերները հաստատեցին մոտեցման հեռանկարայնությունը։ Մենք երկու վիրահատություն կատարեցինք, փոխպատվաստուկները ֆիքսման առավելագույն բարձր աստիճան դրսեւորեցին, բարդություններ չեղան։ Սա նշանակալի ձեռքբերում է դիմածնոտային վիրաբուժության ոլորտում։ Այժմ արդյունաբերական գործնկերոջ հետ համատեղ փորձում ենք ստանալ գրանցման վկայական»,- ասել է НИТУ МИСИС-ի առաջավոր ինժեներային դպրոցի տնօրեն Ալեքսանդր Կոմիսարովը։

«Օստեո-Սայբեր» ընկերությունը՝ 2024-ից «Սկոլկովո» հիմնադրամի ռեզիդենտը, հետաքրքրություն է ցուցաբերել գիտնականների մշակման հանդեպ։ Ընկերությունը նախատեսում է մագնիումի ձուլվածքից արտադրել 18 տեսակ միջոց վնասվածքաբանության եւ 6 միջոց դիմածնոտային վիրաբուժության համար։

«Մենք անցել ենք գլխավոր գիտական փուլը եւ դուրս կգանք շուկա պատրաստի արտադրանքով, որն արդեն հետաքրքրություն է առաջացրել Հնդկաստանում, Մերձավոր Արեւելքում եւ Լատինական Ամերիկայում։ Շուկայի ներուժը հսկայական է, եւ մենք գիտենք, թե ինչպես իրականացնենք այն»,- նշել է «Օստեո-Սայբեր» ընկերության ղեկավար Մարգարիտա Քելերմանը։

НИТУ МИСИС-ի տեխնոլոգիական նախագիծն իրականացվել է «Առաջնահերթություն-2030» պետական ծրագրի շրջանակում։ Համալսարանը «Առողջության ինժեներիա» կոնսորցիումի համակարգողն է։