Հետազոտությունները ցույց են տվել, որ մարմնի այն հատվածները, որոնք առավել հակված են մաշկի քաղցկեղի զարգացմանը, տղամարդկանց և կանանց շրջանում տարբերվում են։

Ըստ Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի (Cancer Research UK CRUK) վերլուծության՝ տղամարդկանց շրջանում մելանոմաների 10 դեպքից 4-ը հայտնաբերվում է իրանի, մասնավորապես՝ մեջքի, կրծքավանդակի և որովայնի վրա, ինչը համարժեք է տարեկան 3700 դեպքի։ Կանանց շրջանում մելանոմաների ավելի քան մեկ երրորդը՝ 35%-ը, հայտնաբերվում է ստորին վերջույթներին՝ ազդրերից մինչև ոտնաթաթեր, և տարեկան կազմում է 3200 դեպք։ Ենթադրվում է, որ այդ տարբերությունները պայմանավորված են վարքագծի տարբերություններով. տղամարդիկ ավելի հակված են արևի տակ մնալ առանց վերնաշապիկի, մինչդեռ կանայք կարող են կարճ տաբատ կամ կիսաշրջազգեստ հագնել, երբ եղանակը տաքանում է։

Հետազոտությունը պարզել է, որ մելանոմայի դեպքերի 87%-ը, որը համարժեք է Մեծ Բրիտանիայում տարեկան 17 հազար 100 դեպքի, պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթման չափից շատ ազդեցությամբ։ CRUK-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում մելանոմայի մաշկի քաղցկեղի մակարդակն անցյալ տարի հասել է ռեկորդային բարձր մակարդակի: Միևնույն ժամանակ նոր ախտորոշումներն աճել են մեկ քառորդով՝ 2007-2009 և 2017-2019 թվականների միջև ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով 21-ից հասնելով 28-ի։ 80 տարեկանից բարձր մարդկանց թիվն աճել է 57%-ով, իսկ 25-49 տարեկաններինը՝ 7%-ով։ Բարեգործական կազմակերպությունը զգուշացրել է նաև, որ մելանոմայի դեպքերի թիվը, ըստ կանխատեսումների, այս տարի կրկին կաճի՝ հասնելով 21 հազար 300-ի, գրում է բրիտանական The Guardian պարբերականը։