Մետֆորմինի ընդունումը հնարավոր է մեծացնի մինչև 90 տարեկան ապրելու հնարավորությունները: Դա 2-րդ տիպի շաքարախտի դեմ ամենատարածված դեղամիջոցներից մեկն է: Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մոդելավորել են «իդեալական» կլինիկական փորձարկում՝ օգտագործելով Women’s Health Initiative լայնածավալ կոհորտային հետազոտության տվյալները, և եզրակացրել են, որ շաքարախտի դեմ մետֆորմին ընդունողներն ավելի երկար են ապրում։ Արդյունքները հրապարակվել են The The Journals of Gerontology: Series A բժշկագիտական հանդեսում։

Հետազոտությանը մասնակցել են շաքարային դիաբետ նոր ախտորոշված 60 տարեկանից բարձր կանայք, որոնք ավելի վաղ թերապիա չէին ստացել։ Կենսակայունության վրա բուժման ազդեցությունը գնահատելու համար կլինիկական փորձարկման մոդելավորման մոտեցում է կիրառվել: Վերլուծության ընթացքում 438 մասնակից բաժանվել է երկու հավասար խմբերի. մեկը սկսել է թերապիան մետֆորմինով, մյուսը՝ սուլֆոնիլյուրեայի ածանցյալներով։ Միաժամանակ հաշվի են առնվել տասնյակ գործոններ՝ մարմնի զանգվածի ինդեքսից և կենսակերպից մինչև ուղեկցող հիվանդություններ։

15 տարվա հետազոտության ընթացքում մինչև 90 տարեկանը մահանալու ռիսկը մետֆորմին ընդունող խմբում 30 տոկոսով ցածր էր, քան համեմատական ​​խմբում։ Հեղինակներն ընդգծում են, որ դա կյանքի տևողության ապացուցված աճ չէ, այլ սոսկ համեմատություն այլընտրանքային դեղամիջոցի հետ։ Պարտադիր չէ, որ կապը պատճառահետևանքային լինի, և հետագա հետազոտություններ, դրանց թվում՝ պատահականացված վերահսկվող գիտափորձեր են պահանջվում։