Երեխաների շնչառական համակարգի չբարդացած վարակների դեպքում ամոքսիցիլինի օգտագործումը աննպատակահարմար է եղել։ Դրա մասին են վկայում հեղինակավոր The Lancet բժշկագիտական հանդեսում հրապարակված խոշոր կլինիկական հետազոտության տվյալները։
Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականներն առաջին լայնածավալ պատահականացված փորձարկումն են անցկացրել՝ գնահատելու համար հակաբիոտիկային թերապիայի առավելությունները բրոնխիտի և վերին շնչուղիների այլ վարակների բուժման գործում թոքաբորբի նշաններ չունեցող երեխաների շրջանում։
Հետազոտությանը մասնակցել են Անգլիայում և Ուելսում ամբուլատոր բուժում ստացած 6 ամսականից մինչև 12 տարեկան 432 երեխա։ Բուժառուները բաժանվել են երկու խմբի. Մի խումբը մեկ շաբաթ շարունակ օրական երեք անգամ ամոքսիցիլին է ստացել, մյուսը՝ պլացեբո (բուժական արժեք չունեցող որոշակի նյութ կամ բուժման տեսակ-խմբ.)։ Բժիշկներն ու ծնողները հետևում էին երեխաների վիճակին, գրանցելով ախտանիշները և դրանց դինամիկան։
Արդյունքները ցույց են տվել, որ հիվանդության տևողությունը և ախտանիշների ծանրությունը երկու խմբերում էլ գործնականում նույնական էին։ Նույնիսկ ծանր ախտանիշներով (բարձր ջերմություն, շնչարգելություն, խզզոց) երեխաների շրջանում հակաբիոտիկների ընդունումը էական օգուտ չի տվել։ Միայն մի քանի մարդ կարիք ունեցավ հոսպիտալացման, գրեթե հավասարապես երկու խմբերում էլ։
«Մենք չենք գտել որևէ ապացույց, որ շնչառական համակարգի չբարդացած վարակների դեպքում հակաբիոտիկների ընդունումից հրաժարվելը հանգեցնում է լրացուցիչ ռիսկերի, -նշել են հեղինակները։ -Թոքաբորբի նշանների բացակայության պարագայում բժիշկները պետք է ծնողներին բացատրեն հիվանդության սպասվող ընթացքը և «համենայն դեպս» հակաբիոտիկներ չնշանակեն։






