Կամբոջայի իշխանությունները հաստատել են թռչնագրիպի H5N1 վիրուսով վարակվելու հետեւանքով Կամպոնգսպի նահանգում 11-ամյա տղայի մահը։ Այս մասին հայտնել է Khmer Times թերթը՝ հղում կատարելով թագավորության առողջապահության նախարարությանը։

Գործակալության տվյալներով՝ երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում՝ ջերմության, հազի եւ շնչառության դժվարացման ախտանիշներով։ Բժիշկները պարզել են, որ տղան վարակվել է այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ նրա ընտանիքի թռչնաբուծական ֆերմայում տեղի են ունեցել հավերի եւ բադերի սատկելու մի քանի դեպքեր: Ուսումնասիրությունների արդյունքները հաստատել են թռչնագրիպի H5N1 վիրուսի թեստի դրական արդյունքը։ Չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ տղան մահացել է մայիսի 27-ին։

Սա 2025թ. թագավորությունում H5N1 գրիպի վիրուսից մարդու չորրորդ գրանցված մահն է: Մարտին Կրատյեհ նահանգում երեք տարեկան տղան մահացել էր թռչնագրիպից՝ առնչվելով թռչնամսի հետ ֆերմայում, որտեղ նախկինում սատկել էին հինգ հավեր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2024թ. հուլիսին արտակարգ նախազգուշացում է տարածել H5N1 թռչնագրիպի նոր բռնկման համաշխարհային ռիսկի մասին եւ կոչ է արել երկրներին հրատապ միջոցներ ձեռնարկել համաճարակաբանական հսկողության, տեղեկատվության փոխանակման եւ հետազոտությունների արդյունքներն ուժեղացնելու համար՝ հնարավոր համավարակը կանխելու նպատակով: ԱՀԿ-ն Կամպուչիան համարում է թռչնագրիպի վիրուսի տարածման մեծ ռիսկ ունեցող երկիր։ Թագավորությունում գրանցվել է H5N1 գրիպի վարակի 75 դեպք մարդկանց մոտ, որոնցից 46-ը՝ մահացու ելքով։