Ավստրալիայում գրանցվել է mpox-ի նոր տարբերակով (կապկի ծաղիկի նոր անվանումը) վարակի առաջին դեպքը։ Այս մասին հայտնել է SBS հեռուստաալիքը՝ հղում անելով Ավստրալիայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին (CDC):
Ըստ հեռուստաալիքի՝ սա Clade 1b շտամն է, որը հայտնաբերվել է Թաիլանդում արձակուրդից վերադարձած տղամարդու մոտ։ Սակայն, ինչպես նշել է CDC-ն, «այս դեպքի հետ կապված հետագա փոխանցման ռիսկը և շտամի տարածման սպառնալիքը Ավստրալիայում մնում են ցածր»։
Ավստրալիայի առողջապահության գլխավոր պատասխանատու Էնթոնի Լոուլերը նշել է, որ երկիրն արդեն իսկ ձեռնարկել է խիստ միջոցներ mpox-ի տարածման ռիսկը վերացնելու համար։ «Ավստրալիայում բոլոր դեպքերը վերահսկվում են նահանգային և տարածքային առողջապահական գերատեսչությունների կողմից։ Ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում մենք կարողանանք արագ արձագանքել բռնկմանը», - ասել է նա։
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը ԱՀԿ-ն ստացել է mpox-ի 142,151 դեպքի և 328 մահվան դեպքերի մասին 133 երկրներից։ Մպոքսի համաճարակի պատճառով համաշխարհային առողջապահական արտակարգ դրությունը սկզբնապես ուժի մեջ էր 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի մայիսի 11-ը։ Այն չեղարկվեց դեպքերի նվազման պատճառով, սակայն 2024 թվականի օգոստոսի 14-ին ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը վերահաստատեց արտակարգ դրությունը՝ Աֆրիկայում բռնկման պատճառով։
Mpox-ը վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում հանդիպում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում, որոնք գտնվում են արևադարձային անտառների մոտ։ Հիվանդության կենդանուց մարդուն փոխանցման առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։






