Շաքարային  դիաբետից տառապող մոր արգանդում ծնված և որոշակի ընդհանուր գենի տարբերակ կրող երեխաներն ավելի հակված են մանկության տարիներին ավելորդ քաշ հավաքելու։ Նման եզրակացությանն են հանգել Կոլորադոյի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Diabetes Care բժշկագիտական  հանդեսում։

Արդեն հայտնի է, որ հղիության ընթացքում հանդիպող գեստացիոն շաքարախտը (gestational diabetes) մեծացնում է երեխաների շրջանում ճարպակալման և շաքարախտի առաջացման վտանգը։ Սակայն, ոչ բոլորն երեխաների օրգանիզմում են զարգանում նման հետևանքներ։

Պատճառը հասկանալու համար գիտնականներն ուշադրությունը սևեռել են GLP-1R ընկալիչ գենի վրա, որն ակտիվանում է քաշի կորստի հայտնի դեղամիջոցների՝ Ozempic-ի և  Wegovy-ի շնորհիվ։ Այդ գենը կարգավորում է ախորժակը և ինսուլինի արտադրությունը։

Երկարաժամկետ հետազոտական ​​նախագծի շրջանակում 464 երեխաների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ որոշակի գենային տարբերակում ունեցող և նախածննդյան շրջանում շաքարախտի ազդեցության ենթարկված երեխաները ճարպակալման զգալիորեն ավելի բարձր ռիսկ ունեին։ Նրանք ավելի արագ են քաշ հավաքում և ունեն ավելի բարձր մարմնի զանգվածի ինդեքս։

«Սա կարևոր հայտնագործություն է։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է գենետիկայի և շրջակա միջավայրի փոխազդեցությունն ազդել երեխայի առողջության վրա,- պարզաբանել է հետազոտության առաջատար հեղինակ Քայլի Հարոլը։ -Այժմ բժիշկները կկարողանան նույնականացնել ռիսկի խմբում գտնվող երեխաներին և միջամտել ավելի վաղ՝ նվազեցնելով 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը»։

Գիտնականները հույս ունեն, որ ապագայում ԴՆԹ վերլուծության միջոցով հնրավոր կլինի պարզել՝ որ երեխաներն են վաղ տարիքից հատուկ քաշի կարգավորման պահանջ զգում։