Ծննդաբերության հենց սկզբում էխոկարդիոգրաֆիայի միջոցով երեխայի սրտի վիճակի գնահատումը կարող է օգնել կանխատեսել՝ արդյոք երեխան կդիմանա ծննդաբերական կծկումներին, թե կառաջանա հիպօքսիայի ռիսկ, որը կպահանջի կեսարյան հատում կամ գործիքային ծննդաբերություն։ Այս եզրակացությանն են հանգել Հռոմի Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Տուլիո Գիի ղեկավարած գիտնականները։ Աշխատանքը հրապարակվել է British Journal of Obstetrics and Gynaecology (BJOG) ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 208 հղի կին, որոնք գտնվել են ծննդաբերության սկզբնական փուլում։ Մեծամասնության մոտ ծննդաբերությունն անցել է բնականոն և առանց բարդությունների, սակայն 20 դեպքում պտղի հիպօքսիայի նշանների պատճառով պահանջվել է վիրահատական միջամտություն։
Այն երեխաների մոտ, որոնց օգնություն է պահանջվել, էխոկարդիոգրաֆիան սրտի մորֆոլոգիայի տարբերվող պարամետրեր է հայտնաբերել՝ համեմատած նրանց հետ, ում ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների։ Սա հեղինակներին թույլ է տվել եզրակացնել՝ ծննդաբերության վաղ փուլում պտղի սրտի աշխատանքի անոմալիաները կարող են կարևոր ազդանշան լինել ծննդալուծման մարտավարությունը փոխելու համար։
Արդյունքները ճանապարհ են բացում ծննդաբերության ընթացքում մոնիթորինգի նոր ռազմավարության համար։ Ժամանակին սրտի ՈւՁ գնահատումը կարող է դառնալ թեստ, որը կօգնի բացահայտել հիպօքսիայի բարձր ռիսկով նորածիններին, կրճատել ծննդաբերության ընթացքում անհետաձգելի որոշումների քանակը և կանխել գլխուղեղի հիպօքսիկ ախտահարման ծանր հետևանքները։
Այս մեթոդիկան հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ յուրաքանչյուր րոպեն հաշվի է առնվում, իսկ սխալի գինը երեխայի առողջությունն ու կյանքն է։
«Մեր հետազոտությունը կարող է փոխել ծննդաբերության վարման մոտեցումը։ Այն հնարավորություն է տալիս կայացնել ավելի հիմնավորված կլինիկական որոշումներ հենց ծննդաբերական գործընթացի սկզբում», - ամփոփել է պրոֆեսոր Գին։