Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ՝ HKU5-CoV-2 անվամբ, որը «մեկ քայլ է հեռու» վտանգավոր մուտացիայից, որը կարող է հանգեցնել նոր համավարակի, գրել է The Independent-ը՝ հղում կատարելով ամերիկացի գիտնականների ուսումնասիրությանը։
HKU5-CoV-2-ը պատկանում է այսպես կոչված մերբեկովիրուսների ընտանիքին, որը ներառում է նաեւ մահացու MERS-CoV վիրուսը՝ Մերձավոր Արեւելքի շնչառական համախտանիշի վիրուսը, որի մահացության մակարդակը հասնում է մինչեւ 34 տոկոսի: Կորոնավիրուսի նոր տարբերակը կարող է վարակել կենդանիների ավելի լայն շրջանակ, քան Covid-19-ը, եւ կարող է ավելի մեծ ներուժ ունենալ տարբեր տեսակների միջեւ փոխանցվելու համար, վկայում է Վաշինգտոնի պետականհամալսարանի գիտնականների խմբի անցկացրած ուսումնասիրությունը: Հետազոտողները նշել են, որ վիրուսի փուշ-սպիտակուցի փոքր փոփոխությունը թույլ է տալիս, որ այն կպչի մարդու ACE2 բջիջներին կոկորդում, բերանում եւ քթում: «HKU5-ը երկար ժամանակ չի ուսումնասիրվել, բայց մեր տվյալները ցույց են տալիս, որ վիրուսը ընդամենը մեկ քայլ է հեռու մարդու մարմին ներխուժելու հնարավորությունից»,- ասել է առաջատար հեղինակ, պրոֆեսոր Մայքլ Լետկոն։
Նոր տեսակի վիրուսը դեռեւս ձեռք չի բերել այս ունակությունը, բայց այն արդեն կարող է արդյունավետորեն վարակել չղջիկների բջիջները: «Հաջող» մուտացիայի դեպքում HKU5-ը կկարողանա վարակել եւ բազմանալ մարդու բջիջների ներսում՝ թե՛ շնչուղիներում, թե՛ աղիներում:
Վիրուսի ուսումնասիրության ընթացքում գիտնականներն օգտագործել են HKU5 փուշ-սպիտակուց պարունակող գենետիկորեն մոդիֆիկացված կեղծ վիրուսներ: Դրանք ներմուծվել են ACE2 ռեցեպտորներով բջիջներ թե՛ չղջիկներից, թե՛ մարդկանցից: Ուսումնասիրության մեջ նշվել է, որ որոշակի մուտացիաներ ներմուծելուց հետո վիրուսը սկսել է ներթափանցել մարդու բջիջներ:
Ավելի վաղ Չինաստանի Ուհան քաղաքի գիտնականները հայտնել էին, որ HKU5 տարբերակներից մեկն արդեն ձեռք է բերել մարդու ACE2 բջիջներին կապվելու ունակություն, ինչը ենթադրում է մարդկանց անմիջական վարակման հնարավորություն՝ առանց միջանկյալ կենդանական կրողի մասնակցության։
Այնուամենայնիվ, գիտնականները նշել են, որ ներկայում չկան ապացույցներ, որ վիրուսն արդեն տարածվում է մարդկանց մեջ: Անհրաժեշտ է մոնիթորինգ՝ հատկապես հաշվի առնելով Չինաստանի որոշ շրջաններում վայրի կենդանիների ակտիվ առեւտուրը, ինչը մեծացնում է վիրուսի՝ մարդկանց փոխանցման ռիսկը:






