Նոր հետազոտությունը ենթադրում է, որ COVID-19-ով վարակված երեխաները կարող են բախվել սիրտ-անոթային հիվանդությունների ավելի բարձր ռիսկի, ինչի մասին վկայում են նյութափոխանակության փոփոխություններն արյան պլազմայում։

Հարվարդի համալսարանի եւ Ավստրալիայի ֆենոմենի ուսումնասիրության ազգային կենտրոնի (Մերդոկի համալսարան) գիտնականները վերլուծել են COVID-19-ի հետեւանքով առաջացած տարբեր հիվանդություններ ունեցող 147 երեխաների արյան նմուշները եւ սուր վիրուսային վարակի փուլից հետո հայտնաբերել են նյութափոխանակության զգալի խանգարումներ։ Այդ փոփոխություններն ազդել են այն բանի վրա, թե ինչպես է օրգանիզմը մշակում սրտի առողջության համար կարեւոր ճարպերը (տրիգլիցերիդներ եւ խոլեստերին): Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Proteome Research» ամսագրում:

Ենթադրվում է, որ երեխաներն ավելի քիչ են հակված COVID-19-ի պատճառով թոքերի ծանր վնասման առաջացման վտանգին, քան մեծահասակները։ COVID-19-ը վնասում է որոշ մեծահասակների սիրտը, եւ այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ COVID-19-ով եւ MIS-C (երեխաների մոտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշ) ունեցող երեխաներն արյան նյութափոխանակության խոր փոփոխություններ են ունենում, որոնցից մի քանիսը ներառում են սիրտ-անոթային ռիսկի մարկերների փոփոխություններ։ MIS-C-ն ախտահարում է բազմաթիվ օրգան-համակարգեր եւ կարող է զգալիորեն վնասել սիրտը, այդ թվում՝ միոկարդի եւ անոթային փոփոխությունների հանգեցնելով: Երեխաների մոտ MIS-C-ի եւ COVID-19-ի մոլեկուլային առանձնահատկությունների միջեւ նմանություններ են հայտնաբերվել, ընդ որում՝ MIS-C ունեցող պացիենտներն ավելի շատ են տուժում:

«Այս հետազոտությունը կասկածի տակ է դնում լայնորեն տարածված այն ենթադրությունը, որ երեխաները մեծ մասամբ չեն տուժում COVID-19-ից՝ հիմնվելով համեմատաբար մեղմ շնչառական էֆեկտների վրա»։ Սակայն երեխաների փոքր մասի մոտ է հանդիպում հիվանդության ավելի ծանր իմունոլոգիական միջնորդավորված ձեւը (MIS-C), որը կապված է աղեստամոքսային եւ սիրտ-անոթային հիվանդությունների երկարատեւ հետեւանքների հետ,- նշել է առաջատար հետազոտող, Ավստրալիայի ֆենոմենի ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջերեմի Նիքոլսոնը։- Այժմ մենք պետք է լրացուցիչ հետազոտություններ կատարենք երեխաների մոտ COVID-19-ի հնարավոր երկարատեւ հետեւանքների ուսումնասիրման համար։