Բրազիլիայի Սան Պաուլոյի պետական համալսարանին առընթեր Բոտուկատուի բժշկական դպրոցում (FMB-UNESP) անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ D վիտամինի ցածր դեղաչափերի ընդունումն ի վիճակի է բարելավել կրծքագեղձի քաղցկեղով կանանց քիմիաթերապիայի արդյունավետությունը։
Արդյունքները ենթադրում են, որ նյութը կարող է այլընտրանք դառնալ դժվարամատչելի դեղամիջոցներին, որոնք ևս նախատեսված են բարելավելու քիմիաթերապիայի նկատմամբ արձագանքը:
Հետազոտությանը մասնակցել են 45 տարեկանից բարձր 80 կանայք, որոնք պատրաստվում էին սկսել բուժումը Սան Պաուլոյի պետական համալսարանին առընթեր Բոտուկատուի բժշկական դպրոցի ընդհանուր պրոֆիլի («Hospital das Clínicas») ուռուցքաբանական ամբուլատոր կլինիկայում:
Կանայք բաժանվել են երկու խմբի. նրանցից 40-ն օրական 2000 МЕ (միջազգային միավոր) D վիտամին, իսկ մյուս 40-ը՝ պլացեբո հաբեր են ընդունել։ Վեց ամիս քաղցկեղի բուժումից և լրացուցիչ դեղամիջոցներ ընդունելուց հետո, պլացեբո խմբում ընդգրկված մասնակիցների 24%-ի համեմատ, D վիտամին ընդունած մասնակիցների 43%-ի հիվանդությունը քիմիաթերապիայից հետո անհետացել է։
Հետազոտության բոլոր մասնակիցները ստացել են այսպես կոչված նեոադյուվանտ քիմիաթերապիա (neoadjuvant chemotherapy), որն օգտագործվում է ուռուցքի հեռացման վիրահատությունը հեշտացնելու համար։
«Նույնիսկ փոքր նմուշի դեպքում քիմիաթերապիայի նկատմամբ արձագանքի զգալի տարբերություններ կարելի էր տեսնել։ «Բացի դրանից, հետազոտության մեջ օգտագործված չափաքանակը (օրական 2000 МЕ) շատ ավելի ցածր է, քան D վիտամինի անբավարարությունը շտկելու համար նախատեսված նպատակային դեղաչափը, որը սովորաբար կազմում է շաբաթական 50 հազար МЕ», -ընդգծել է Սան Պաուլոյի տարածաշրջանային Բրազիլիայի կրծքագեղձաբանների ընկերության նախագահ Էդուարդո Կարվալյո-Պեսոան, որը Nutrition and Cancer բժշկագիտական հանդեսում հրապարակված գիտական հոդվածի հեղինակներից մեկն է։
D վիտամինն առողջ ոսկորների համար անհրաժեշտ կալցիումի և ֆոսֆորի յուրացմանը նպաստող հորմոն է։ Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաև կարևոր դեր է խաղում իմունային համակարգում՝ օգնելով պայքարել վարակների և հիվանդությունների, դրանց թվում՝ քաղցկեղի դեմ։ Սակայն քաղցկեղը D վիտամինի հավելումների հետ կապող հետազոտությունների մեծ մասում այդ նյութի բարձր չափաքանակներ են օգտագործվել:






