Աշխարհում առաջին անգամ Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայություն (NHS) բուժառուները կունենան հասանելիություն «Տրոյական ձի» անունով հայտնի նորարարական թերապիային։ Այդ եղանակը ենթադրում է ուղղակիորեն թունավոր նյութերի ներմուծում քաղցկեղի բջիջների մեջ։ BBC-ն հաղորդում է, որ նոր դեղամիջոցը՝ բելանտամաբ մաֆոդոտինը, արյան քաղցկեղի տեսակի՝ միելոմայի բուժման ավանդական եղանակներից գրեթե երեք անգամ ավելի արդյունավետ է եղել։
Մոտեցման յուրահատկությունը հակամարմինների օգտագործումն է, որոնք դեղը ուղղորդում են հենց չարորակ պլազմային բջիջների վրա։ Բջջի ներսում հայտնվելուց հետո նյութը թունավոր նյութ է արտազատում, որը ոչնչացնում է ուռուցքը։ Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս զգալիորեն նվազեցնել ստանդարտ քիմիաթերապիային բնորոշ կողմնակի ազդեցությունները։
Շեֆիլդ քաղաքից 60-ամյա Փոլ Սիլվեստրը դեղամիջոցը վաղաժամ հասանելիության ծրագրի շրջանակում ստացած առաջին բուժառուներից մեկն էր: Ոսկրածուծի փոխպատվաստումից հետո հիվանդության կրկնությունից հետո նոր թերապիան դրական արդյունքներ է տվել ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում։ Փոլն պատմում է, որ բուժումը շրջադարձային պահ էր, որն իրեն ակտիվ կյանքի վերադառնալու հնարավորություն ընձեռեց։
Առողջության և բժշկական օգնության որակի ազգային ինստիտուտը (NICE) արդեն հաստատել է դեղամիջոցի արդյունավետությունը։ Ակնկալվում է, որ ամեն տարի շուրջ 1500 բուժառուներ, որոնց համար այլ եղանակներն անարդյունավետ են եղել, բուժում ստանալու հնարավորություն կունենան։
Թեև միելոման դեռևս անբուժելի հիվանդություն է համարվում, գիտնականներն ընդգծում են, որ նման «խելացի դեղամիջոցները» հույս են ներշնչում երկարատև ռեմիսիայի և նույնիսկ ֆունկցիոնալ բուժման համար։ Ըստ նրանց կանխատեսումների՝ հաջորդ հինգ տարիների ընթացքում բուժառուների կեսից ավելին կկարողանան առողջական վիճակի կայուն բարելավման հասնել։






