Քանի որ կարմրուկի դեպքերն ավելանում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, ԱՄՆ առողջապահության նախարարությունը կոչ է արել մարդկանց պատվաստվել արտասահման մեկնելուց առաջ։
ԱՄՆ առողջապահության նախարարությունը փոխել է ճանապարհորդների համար նախատեսված իր ուղեցույցները՝ նշելով, որ նրանք պետք է կարմրուկի դեմ պատվաստվեն՝ անկախ նրանից, թե ուր են գնում։
ԱՄՆ բնակիչներին արդեն խորհուրդ տրվել էր պատվաստվել կարմրուկի, խոզուկի եւ կարմրախտի դեմ, տեղեկացրել է Euronews-ը: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) նախկինում ընդգծել էին պատվաստման կարեւորությունն այն երկրներ մեկնողների համար, որտեղ հիվանդության բռնկումներ են գրանցվել:
Բայց վերջերս կենտրոնները թարմացրել են իրենց հրահանգները՝ կոչ անելով, որպեսզի այլ երկրներ մեկնող ճանապարհորդները պատվաստվեն։
Այստեղ նշել են, որ անցյալ ամիս Կոլորադոյում բռնկումը սկսվել էր Դենվերում վայրէջք կատարած միջազգային չվերթի պատճառով: Ավելացվել է, որ CDC-ի կողմից ճանապարհորդության նախազգուշացման փոփոխությունն արտացոլում է այն գիտակցումը, որ մարդիկ ենթարկվում են կարմրուկի վարակի ոչ միայն այն երկրներում, որտեղ այն տարածվում է, այլեւ ինքնաթիռներում եւ ճանապարհորդության ժամանակ, ավելացրել են այստեղ:
«Մենք նկատում ենք անցում տեղային բռնկումներից վարակի փոխանցման ճամփորդությունների ժամանակ»,- ասել է Դարսի Մահոնին այդ կենտրոնից, եւ կենտրոնն, ըստ երեւույթին, կարձագանքի դրան։
Եվրոպական միության առաջարկություններին համապատասխան՝ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս պատվաստանյութի երկու դեղաչափ 1 տարեկան եւ ավելի բարձր տարիքի բոլոր ամերիկացիների համար, գումարած վաղ դեղաչափ 6-11 ամսական ճանապարհորդող նորածինների համար։
Միեւնույն ժամանակ, Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը խորհուրդ է տալիս ճանապարհորդներին համոզվել, որ ստացել են բոլոր անհրաժեշտ պատվաստումներն արտասահման մեկնելուց առաջ։
Այս տարի ԱՄՆ-ում գրանցվել է կարմրուկի ավելի քան 1 000 դեպք, իսկ ԵՄ-ում՝ ավելի քան 5 500 դեպք։






