Մոնղոլիայում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը չորս օրվա ընթացքում 6 836-ից հասել է 7 717-ի, հայտնել է վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնը։

«Ամառային արձակուրդներին դպրոցների փակումը, որտեղ կարմրուկով ամենից հաճախ են վարակվում, չի ազդել հիվանդացության մակարդակի նվազման վրա։ Եթե կարմրուկը հունիսի 12-ին հաստատվել էր 6 836 քաղաքացիների մոտ, ապա հունիսի 16-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 7 717-ի։ Հիվանդների հետ ակտիվ շփման մեջ գտնվող 63 052 մարդ գտնվում է բժշկական հսկողության տակ»,- տվյալները ներկայացրել է բժշկական գերատեսչությունը։

Գերատեսչությունը հիշեցրել է, որ հունիսի կեսերին երկրում գրանցվել էր կարմրուկից մահվան հինգ դեպք։ Ավելի վաղ հայտնվել էր, որ գերատեսչությունը չի կարողանում հաղթահարել շտապ օգնություն ստանալու համար իրենց երեխաների հետ հերթ կանգնող քաղաքացիների հոսքը։

Կարմրուկով վարակված առաջին քաղաքացիները Ուլան Բատոր են ժամանել արտասահմանյան չվերթներով 2025թ. փետրվարի վերջին: Երկրում վերջին անգամ հիվանդության բռնկում է գրանցվել երեխաների շրջանում 2019թ. մարտին, չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Մոնղոլիան ճանաչել է որպես երկիր, որտեղ 2016թ. վերացվել է կարմրուկը: