Կարոլինայի ինստիտուտի եւ Լունդի համալսարանի շվեդ գիտնականները առաջընթաց են գրանցել նեյրոբլաստոմայի՝ նյարդային համակարգի ագրեսիվ քաղցկեղի բուժման ոլորտում, որը փոքր երեխաների՝ քաղցկեղից մահացության հիմնական պատճառն է։ Ուսումնասիրությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում։
Նեյրոբլաստոման մանկական քաղցկեղի ամենաբարդ ձեւերից մեկն է։ Վիրահատությունից, քիմիաթերապիայից, ճառագայթային թերապիայից եւ իմունաթերապիայից անկախ՝ մետաստազներ ունեցող պացիենտները հաճախ մնում են անբուժելի։ Ավելին, նույնիսկ ողջ մնացած երեխաների մոտ բուժումներնը առաջացնում են կոգնիտիվ խանգարումներ ողջ կյանքի ընթացքում։
Երկու հակաօքսիդանտ ինհիբիտորների համադրության վրա հիմնված նոր մոտեցումը ոչ միայն սպանում է քաղցկեղի բջիջները, այլեւ դրանք վերածում է առողջ նեյրոնների։
Գիտնականները կենտրոնացել են դիֆերենցիացիոն թերապիայի վրա, որը ստիպում է քաղցկեղի բջիջներին «հասունանալ»՝ վերածվելով նորմալ բջիջների: Սակայն գոյություն ունեցող դեղամիջոցը (ռետինաթթու) արդյունավետ է պացիենտների միայն կեսի մոտ, իսկ շատերի մոտ ռեզիստենտություն է առաջանում։
Հետազոտողները պարզել են, որ նեյրոբլաստոման կախված է երկու հակաօքսիդանտ ֆերմենտներից՝ PRDX6-ից եւ GSTP1-ից, որոնք օգնում են ուռուցքային բջիջներին դիմանալ օքսիդատիվ սթրեսին: Այս ֆերմենտների բարձր մակարդակը կապված է վատ կանխատեսման հետ:
«Երբ մենք կասեցրեցինք PRDX6-ի եւ GSTP1-ի ակտիվությունը, քաղցկեղի որոշ բջիջներ մահացան, իսկ մյուսները վերածվեցին ֆունկցիոնալ նեյրոնների՝ կանգնեցնելով ուռուցքի աճը»,- բացատրել է ուսումնասիրության համահեղինակ Ջուդիթ Լիանյո-Պոնսը: Հաջորդ քայլը կլինիկական փորձարկումներն են՝ մեթոդի անվտանգությունն ու արդյունավետությունը գնահատելու համար:






