Լինշոպինգի համալսարանի շվեդ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ 2-րդ տիպի շաքարախտով տասը հիվանդներից վեցը տառապում են ճարպային հեատոզից: Աշխատանքը հրապարակվել է Journal of Internal Medicine (JIM) բժշկագիտական հանդեսում։
Ճարպային հեպատոզը, որը կապված է նյութափոխանակության խանգարումների լյարդի բջիջներում դիստրոֆիկ փոփոխությունների զարգացման հետ, առաջանում է, երբ լյարդում ճարպ է կուտակվում: Ընդ որում, բորբոքային երևույթները բացակայում են, կամ թույլ են արտահայտված։ Այդ վիճակը հաճախ զարգանում է նյութափոխանակության համախտանիշի ֆոնին և կարող է հանգեցնել լյարդի լուրջ հիվանդությունների, ինչպիսին է ցիռոզը։
Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 300 բուժառուներ, որոնք պարբերաբար ստուգումներ էին անցնում ընտանեկան բժիշկների մոտ։ Մագնիսառեզոնանսային շերտագրությունը ցույց է տվել, որ նրանց 59%-ը ճարպային հեպատոզի նշաններ ունի։
Սակայն, մարդկանց մեծամասնության շրջանում հիվանդությունը մեղմ է ընթանում։ Բուժառուների միայն 7%-ն էր ցուցաբերում վաղ փուլի ցիռոզի մասին վկայող փոփոխություններ։ Շաքարային դիաբետից և ճարպակալումից տառապող մարդկանց շրջանում նման բուժառուների համամասնությունը գրեթե յոթ անգամ ավելի բարձր էր՝ 13%՝ ավելորդ քաշ չունեցող շաքարային դիաբետով հիվանդների 2%-ի դիմաց։
«Հատկապես կարևոր է նույնականացնել հիվանդության ծանր ձևերի ռիսկի խմբում գտնվողներին։ Մեր տվյալները բժիշկներին կօգնեն ավելի ճշգրիտ նույնականացնել նման բուժառուներին», - ասում է հետազոտության համահեղինակ և գաստրոէնտերոլոգ Մաթիաս Էքսթեդտը։
Հեղինակներն ընդգծում են, որ ճարպային հեպատոզը անդառնալի չէ. քաշի կորուստը զգալիորեն նվազեցնում է լյարդում ճարպի քանակը: Գիտնականները մտադիր են շարունակել հետազոտության մասնակիցների մոնիթորինգը ևս հինգ տարի՝ ռիսկի գործոնները և հիվանդության դինամիկան պարզաբանելու համար։






