Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի ամերիկացի գիտնականները անսպասելի «կապ» են հայտնաբերել միզապարկի քաղցկեղի ագրեսիվ ձեւի եւ ձվարանների ուռուցքների միջեւ։ Սա նրանց հնարավորություն է տվել օգտագործել իմունային թերապիայի ամենաժամանակակից մեթոդները՝ քաղցկեղը բուժելու համար, որը նախկինում հնարավոր էր հաղթահարել միայն վիրահատության միջոցով, այն էլ՝ եւ ոչ միշտ։ Աշխատանքը հրապարակվել է Nature Communications (NatCom) ամսագրում։
Խոսքը միզապարկի քաղցկեղի հյուսվածաբանական տարբերակների մասին է՝ բոլոր դեպքերի մոտ մեկ քառորդը, որոնք դժվար է ախտորոշել եւ գրեթե անհնար է բուժել դեղերով: Դրանք շատ են տարբերվում սովորական քաղցկեղից եւ հաճախ մնում են կլինիկական փորձարկումների շրջանակից դուրս:
«Այդ ուռուցքները մանրադիտակի տակ տարբեր տեսք ունեն, բայց դրանք բոլորը վտանգավոր են եւ կրկնվելու հակում ունեն: Դրանք չեն արձագանքում ստանդարտ բուժմանը»,- նշել է ուրոլոգ, ուսումնասիրության համահեղինակ Սիմա Պորտենը:
Օգտագործելով սեփական միաբջիջ ՌՆԹ սեքվենավորման տեխնոլոգիան՝ գիտնականներն ուսումնասիրել են ուռուցքի նմուշները եւ զարմանալի հայտնագործություն են կատարել. այդ ուռուցքների բջիջներն արտադրել են CA125 կոչվող սպիտակուց, որը սովորաբար հանդիպում է ձվարանների քաղցկեղի դեպքում: Միզապարկի սովորական ուռուցքներն այն չունեին: Բայց գլխավորն այն է, որ այս բջիջների մակերեսին առկա էր նաեւ մեկ այլ սպիտակուց՝ TM4SF1-ը, որը դարձել է իմունաթերապիայի իդեալական թիրախ։
Հաջորդ փուլում թիմը մշակել է CAR-T բջիջներ՝ իմունային բջիջներ, որոնք մարզված են TM4SF1-ը գտնելու եւ ուռուցքային բջիջներին վրա հարձակվելու համար: Մկների մոտ թերապիան հաջողությամբ ոչնչացրել է ագրեսիվ ուռուցքները:
«Պացիենտների բիոպսիայից մինչեւ թերապիայի առաջին փորձարկումները մեզ ընդամենը մի քանի տարի պահանջվեց։ Սա ուռուցքաբանության մեջ արագ առաջընթաց է»,- ասել էց ուռուցքաբան, հոդվածի համահեղինակ դոկտոր Ֆրանկլին Հուանգը։
Միզապարկի քաղցկեղի հյուսվածաբանական տարբերակները մինչ օրս բացառվել են լայնածավալ կլինիկական փորձարկումներից՝ դրանց հազվադեպության եւ ակնհայտ բազմազանության պատճառով: Սակայն մոլեկուլային թիրախների վրա հիմնված թիրախային թերապիաների դեպքում սա կարող է փոխվել:
Հետազոտողներն այժմ հուսով են սկսել կլինիկական փորձարկումներ մարդկանց վրա: CAR-T թերապիան արդեն իսկ արդյունավետ է եղել լեյկեմիայի որոշ ձեւերի դեմ, եւ այժմ այն կարող է բուժման հնարավորություն տալ միզապարկի քաղցկեղի ագրեսիվ ձեւեր ունեցող պացիենտներին:






