Շաքարային դիաբետով (հատկապես 2-րդ տիպի) մարդիկ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում կոտրվածքների, նույնիսկ եթե նրանց ոսկրային հյուսվածքների հանքային խտության (BMD) մակարդակը նորմայի սահմաններում է։ Դա ցույց է տվել Osteoporosis International (OstInter) բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունը։
Հեղինակները նշում են, որ 2-րդ տիպի շաքարախտից տառապող բուժառուները հաճախ բախվում պարադոքսի. բարձր ոսկրային խտությունը զուգակցվում է ոսկրերի փխրունության բարձրացման հետ։ Պարզելու համար, թե ինչու է դա տեղի ունենում, գիտնականները վերլուծել են ոսկրային հյուսվածքի նյութափոխանակության առանձնահատկություններին նվիրված ավելի վաղ հրապարակված աշխատանքները։
Պարզվել է, որ պատճառը ոսկրային հյուսվածքի միկրոկառուցվածքի փոփոխություններն են։ Չնայած սպունգանման նյութի (տրաբեկուլաների) քանակի աճին, կեղևային շերտը՝ ոսկորի հիմքը, շաքարախտի դեպքում ավելի ծակոտկեն է դառնում։ Այդ փոփոխությունները հատկապես արտահայտված են հիվանդության ուշ փուլերում։
Ոսկորների վիճակն ավելի ճշգրիտ գնահատելու համար մասնագետներն օգտագործում են տրաբեկուլյար ոսկրի ինդեքսը (TBS), որը հաշվարկվում է ողնաշարի պատկերների հիման վրա: Շաքարային դիաբետով բուժառուների շրջանում այս ցուցանիշը հաճախ նվազում է, ինչը վկայում է թաքնված ոսկրային փխրունության մասին։ Սակայն, ճարպակալման դեպքում, TBS-ը ճարպային հյուսվածքի ազդեցության պատճառով կարող է ոչ ճշգրիտ լինել, ինչն առկա ախտորոշիչ մեթոդների վերանայում է պահանջում:






