Մադրիդի Կառլոս III-ի անվան համալսարանի C3N-IA գիտական խմբի գիտնականները մշակել են թեստ, որը կարող է հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղի կրկնությունը առաջին կլինիկական նշանների ի հայտ գալուց 68 ամիս առաջ: Ուսումնասիրությունը հրապարակվել է Breast Cancer Research (BCR) ամսագրում:
Տեխնոլոգիան հիմնված է շրջանառվող ուռուցքային ԴՆԹ-ի (ctDNA)՝ ուռուցքից արյան մեջ արտազատվող գենետիկական նյութի հատվածների վերլուծության վրա։
Գիտնականները նշել են, որ չնայած հորմոն-դրական (HR+) կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտները հաճախ հաջողությամբ են արձագանքում առաջնային թերապիային, հիվանդությունը կրկնվում է նրանց գրեթե 40 տոկոսի մոտ: Նոր մեթոդը թույլ է տալիս վաղ հայտնաբերել կրկնության թաքնված նշանները, որոնք ավանդական ախտորոշիչ գործիքները չեն նկատում:
«Մեր նպատակը քաղցկեղի ախտորոշումը չէ, այլ բժիշկներին արդյունավետ գործիք տրամադրելը՝ բուժումից հետո հիվանդին վերահսկելու համար»,- նշել է Altum Sequencing կենսատեխնոլոգիական ընկերության նախագահ Խոակին Մարտինես-Լոպեսը, որը մասնակցել է հետազոտությանը։ Նրա խոսքով՝ նոր սերնդի հաջորդականացման (NGS) տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հայտնաբերել մեկ ուռուցքային բջիջ միլիոն առողջ բջիջների մեջ՝ օգտագործելով արյան սովորական նմուշը։
Մեթոդը սկսվում է սկզբնական ուռուցքի բիոպսիայի վերլուծությամբ, որտեղ հայտնաբերվում են որոշակի պացիենտին բնորոշ մուտացիաները: Այնուհետեւ, արյան անալիզների միջոցով, մասնագետները հետեւում են այդ մուտացիաների առկայությանն օրգանիզմում, ինչը թույլ է տալիս նրանց նկատել հիվանդության վերադարձը ախտանիշների ի հայտ գալուց շատ առաջ:
Գիտնականներն ավելացրել են, որ մեթոդը ոչ միայն բարձր ճշգրտություն ունի եւ ունիվերսալ է, այլեւ մատչելի է։
«Մենք կենտրոնանում ենք միայն այն մուտացիաների վրա, որոնք նշանակալից են որոշակի պացիենտի համար՝ խուսափելով ավելորդ թեստերից եւ նվազագույնի հասցնելով կեղծ դրական արդյունքների ռիսկը»,- նշել են գիտնականները։
Հետազոտողներն ավելացրել են, որ տեխնոլոգիան կարող է կիրառվել ցանկացած մեծ ուռուցքի, այլ ոչ թե միայն կրծքագեղձի քաղցկեղի դեպքում։
«Մենք սկսել ենք այս տեխնիկայի փորձարկումներն արյունաբանական հիվանդությունների, ինչպիսիք են բազմակի միելոման եւ սուր միելոիդ լեյկոզը, դեպքում, սակայն արդեն հաջողություններ ենք տեսնում թոքերի քաղցկեղի պարագայում։ Երկարաժամկետ հեռանկարում մենք ցանկանում ենք սովորել հայտնաբերել մեկ ուռուցքային բջիջ 10 միլիոնի հաշվով»,- ավելացրել է Մարտինես-Լոպեսը։






