Շվեդիայի գիտնականները բացահայտել են մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ ձեւի՝ մելանոմայի թույլ կողմը։ Պարզվել է, որ չարորակ մելանոմայի բջիջները չափից ավելի ակտիվացնում են երկու հիմնական գործընթաց միտոխոնդրիաներում՝ բջջային «էլեկտրակայաններում»։ Այս գործընթացների արգելափակումը գոյություն ունեցող դեղամիջոցներով արդյունավետորեն ոչնչացնում է քաղցկեղի բջիջները՝ առանց առողջ բջիջներին վնասելու։ Աշխատանքը հրապարակվել է Cancer ամսագրում։

Լունդի համալսարանի հետազոտության հեղինակները վերլուծել են ուռուցքային եւ նորմալ մաշկի 151 նմուշների սպիտակուցային կազմը: Նրանք պարզել են, որ ամենավտանգավոր մելանոմաները մեծացնում են սպիտակուցի սինթեզի եւ սննդանյութերից էներգիայի արտադրության համար պատասխանատու միտոխոնդրիալ մեխանիզմների աշխատանքը:

Այդ գործընթացների արգելափակումը սովորական հակաբիոտիկներով (որոնք ազդում են սպիտակուցի բակտերիալ սինթեզի վրա) եւ էներգետիկ նյութափոխանակության ինհիբիտորներով հանգեցրել է ուռուցքային բջիջների մահվան: Միեւնույն ժամանակ, առողջ մաշկի բջիջները գործնականում ոչ մի վնաս չեն կրել:

«Մելանոման միտոխոնդրիաներն օգտագործում է որպես էներգիայի աղբյուր, եւ հենց այստեղ է այն խոցելի։ Մենք կարող ենք օգտագործել առկա դեղամիջոցները՝ այս ուղին խոչընդոտելու եւ թերապիայի արդյունավետությունը բարելավելու համար»,- ասել է հետազոտության ղեկավար, բժիշկ Յեովանիս Գիլը։

Բացի այդ, հետազոտողներն առաջարկել են միտոխոնդրիալ սպիտակուցի «հետքը» որպես բիոմարկեր օգտագործել՝ բժիշկներին օգնելու որոշել, թե արդյոք պացիենտը հարմար է նման թերապիայի համար:

Հեղինակների խոսքով՝ այս հայտնագործությունը ոչ միայն մոտեցնում է մելանոմայի անհատականացված բուժումը, այլեւ կարող է հիմք հանդիսանալ քաղցկեղի՝ բուժման հանդեպ կայուն տեսակների համակցված թերապիայի ռազմավարությունների մշակման համար։