Բոննի համալսարանի գերմանացի գիտնականները հայտնաբերել են մորից երեխային նյութափոխանակության խանգարումների փոխանցման մտահոգիչ մեխանիզմ: Պարզվել է, որ հղի կանանց մոտ ճարպակալումը կարող է «վերածրագրավորել» պտղի լյարդը՝ ապագայում մեծացնելով երեխայի մոտ ճարպային լյարդի հիվանդության եւ նյութափոխանակության այլ խանգարումների հավանականությունը: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական​​ամսագրում:

Թիմը պարզել է, որ լյարդի հատուկ իմունային բջիջները, որոնք կոչվում են Կուպֆերի բջիջներ, կարեւոր դեր են խաղում այդ գործընթացում: Ճարպակալած մկների մոտ այս բջիջներն սկսում են աղավաղված ազդանշաններ ուղարկել լյարդի բջիջներին, ինչը ստիպում է նրանց ավելի ակտիվորեն կուտակել ճարպը: Զարմանալի է, որ այս փոփոխությունները տեղի են ունենում արգանդում եւ շարունակվում են ծնվելուց հետո:

«Դա նման է այն բանին, կարծես նվագախմբի դիրիժորը հանկարծ սկսում է նվագել բոլորովին այլ երաժշտություն: Կուպֆերի բջիջները, որոնք սովորաբար համակարգում են լյարդում նյութափոխանակության գործընթացները, սկսում են այլ կերպ աշխատել, երբ մայրը ճարպակալում է»,- նշել է պրոֆեսոր Էլվիրա Մասը, որը ղեկավարել է հետազոտությունը:

Փորձերը ցույց են տվել, որ ճարպակալած մկների սերունդների մոտ առաջացել է լյարդի ճարպային հիվանդություն նույնիսկ նորմալ սննդակարգով կերակրվելիս։ Գիտնականները կարողացել են բացահայտել այդ փոփոխությունների համար պատասխանատու որոշակի մոլեկուլային մեխանիզմ՝ Կուպֆերի բջիջներում առկա հատուկ տրանսկրիպցիոն գործոն։ Երբ հետազոտողները գենետիկորեն «անջատել» են այդ գործոնը, սերունդները լյարդի հետ կապված խնդիրներ չեն ունեցել։

Թեեւ հետազոտությունը կատարվել է կենդանիների վրա, հեղինակները կարծում են, որ նմանատիպ գործընթացներ կարող են տեղի ունենալ նաեւ մարդկանց մոտ։ Սա կարող է բացատրել, թե ինչու են ճարպակալած մայրերի երեխաները ավելի հակված տառապելու նյութափոխանակության խանգարումներով, նույնիսկ եթե առողջ ապրելակերպ են վարում։