Տղամարդկանց եւ կանանց միջեւ բազմաթիվ կարեւոր ու հետաքրքիր տարբերություններ գոյություն ունեն: Սակայն քիչ չեն նաեւ թեմայի շուրջ հորինված առասպելները, որոնք լայն տարածում են գտել՝ հանրության շրջանում: Ստորեւ դրանցից 6-ն ենք ներկայացնում:
1. Տղամարդիկ եւ կանայք միմյանցից լիովին տարբերվող սեռական օրգաններ ունեն
Առաջին հայացքից թվում է, թե պնդումը ճիշտ է, սակայն իրականում տղամարդու եւ կնոջ սեռական օրգաններն անհամեմատ առավել ընդհանրություններ ունեն, քան կարող եք պատկերացնել: Նախեւառաջ, տղամարդու առնանդամն ու կնոջ ծլիկը նույնպիսի կառույց ունեն՝ գլխիկ, բուն եւ ծայրային թլիպ: Երկրորդ, ներարգանդային կյանքի առաջին 6 շաբաթների ընթացքում սեռական օրգանների վերածվող սաղմնային հյուսվածքները ապագա տղաների եւ աղջիկների մոտ բացարձակապես միակերպ են զարգանում: Այնուհետեւ էլ, կախված քրոմոսոմների հավաքածուից, դրանցից կարող է կլիտոր կամ առնանդամ առաջանալ, մեկ այլ հատվածից՝ սեռական շուրթեր կամ փոշտ, իսկ երրորդ ուղղությամբ էլ՝ ձվարաններ կամ ամորձիներ: Ուստի կարելի է պնդել, որ տղամարդյանց եւ կանանց սեռական օրգանները ոչ միայն նույն «խմորից» են պատրաստված, այլ նաեւ՝ գրեթե նույն կերպ են աշխատում:
2. Տղամարդիկ կանանցից ագրեսիվ են
Իրականում չարության եւ ագրեսիայի արտահայտման հարցում սեռը որեւէ դերակատարում չի ապահովում. թե կանայք, եւ թե տղամարդիկ կարող են նույնչափ ագրեսիվ լինել: Սակայն, քանի որ տղամարդիկ ավելի խոշորամարմին են եւ ուժեղ, ագրեսիան էլ առավել արտահայտչականություն է ձեռք բերում:
3. Սեքսն ավելի շատ տղամարդկանց է պետք, քան՝ կանանց
Այսպիսի թյուր պատկերացում շատերն ունեն: Իրականում տղամարդիկ եւ կանայք ողջ կյանքի ընթացքում գրեթե նույն քանակով սեռական շփումներ են ունենում, իսկ տարբերություններն էլ ավելի շուտ կոնկրետ անձի հոգեբանական տիպից են կախված: Տաքարյուն կանայք կամ տղամարդիկ, օրինակ, առավել հաճախ են սեռական հարաբերությունների կարիք զգում:
4. Կանայք բնածին ծնողներ են, իսկ տղամարդիկ՝ ոչ
Սա եւս մեկ մոլորություն է հանդիսանում: Ճշմարտությունն այն է, որ թեեւ տղամարդիկ, ի տարբերություն կանանց, երեխա չեն ծնում եւ նրանց կրծքով չեն կերակրում, անպաշտպան փոքրիկների նկատմամբ ճիշտ նույնպիսի հորմոնային արձագանք ունեն: Ցանկացած մարդ կարող է լավ ծնող դառնալ. այլ հարց է՝ ի վիճակի՞ է արդյոք այդ կարողությունից օգտվել:
5. Տղամարդկանց եւ կանանց ուղեղները տարբեր են
Տարբերությունը ոչ թե ուղեղի կառույցի, այդ դրա կիրառման եղանակների մեջ է կայանում, ինչը կրկին անգամ որեւէ կերպ կապված չէ սեռական հատկանիշի հետ:
6. Տղամարդիկ եւ կանայք տարբեր հորմոններ ունեն
Իրականում «արական» եւ «իգական» հորմոններ գոյություն չունեն: Շատերին թվում է, թե տեստոստերոնը արական հորմոն է, սակայն այն, անկախ սեռից, բոլոր մարդկանց մոտ՝ մարտի նետվելիս կամ ֆիզիկական աշխատանք կատարելիս է արտազատվում: Նույն կերպ էլ էստրոգենը, որը սխալմամբ կանացի հորմոն է համարվում, կարող է նաեւ տղամարդու օրգանիզմում արտազատվել: Ի միջի այլոց, հատկանշական է, որ թե տղամարդկանց, եւ թե կանանց մոտ փոքրիկ երեխայի գրկելիս օքսիտոցինի եւ պրոլակտինի կտրուկ աճ է նկատվում:






