Մեծ Բրիտանիայում ավելի քան մեկ միլիոն մարդու կողմից օգտագործվող քաշի նվազեցման և շաքարային դիաբետի բուժման դեղամիջոցները կարող են ունենալ լուրջ կողմնակի ազդեցություն, որոշ դեպքերում՝ մահվան ելքով։ Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի դեղերի վերահսկողության մարմնի տվյալներին։

Դեղերի և բժշկական ապրանքների կարգավորման գործակալության (MHRA) նոր տվյալները ցույց են տալիս, որ այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են Mounjaro, Wegovy և Ozempic, կարող են կապված լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման՝ պանկրեատիտի հետ։

MHRA-ի տվյալներով, Mounjaro դեղամիջոցի հետ կապված գրանցվել է 181 դեպք՝ սուր կամ քրոնիկական պանկրեատիտի, որոնցից 5-ը՝ մահվան ելքով։

Wegovy և Ozempic դեղամիջոցների դեպքում գրանցվել է 113 հաղորդում պանկրեատիտի մասին և մեկ մահվան դեպք։

GLP-1 կոչվող դեղամիջոցների այլ՝ ավելի հազվադեպ տեսակները նույնպես կապվել են պանկրեատիտի և մահվան դեպքերի հետ։

Այնուամենայնիվ, այս պահին չկա որևէ ապացույց, որ հենց այդ դեղամիջոցներն են ուղիղ կերպով առաջացրել մահը։ Բացի այդ, տվյալները բավարար չեն, որպեսզի MHRA-ն սահմանափակի այդ դեղերի հասանելիությունը։

Պանկրեատիտը կարող է առաջանալ նաև այն մարդկանց մոտ, ովքեր չեն օգտագործում GLP-1 դեղամիջոցներ — ընդհանուր բնակչության մոտ 1 միլիոն մարդուց մոտավորապես 560 դեպք է գրանցվում։ Դրա հիմնական պատճառներն են լեղաքարերը և ալկոհոլի օգտագործումը։

MHRA-ն և Genomics England կազմակերպությունը սկսում են նոր հետազոտություն՝ պարզելու համար՝ արդյոք որոշ մարդկանց մոտ գեներ կան, որոնք բարձրացնում են պանկրեատիտի առաջացման ռիսկը GLP-1 դեղամիջոցներ օգտագործելիս։

Այն մարդկանց, ովքեր, ըստ MHRA-ի «դեղին քարտ» նախազգուշացման համակարգի, պանկրեատիտ են ունեցել ինյեկցիաների ընթացքում, կառաջարկվի հանձնել թուք և գենետիկ թեստավորում անցնել։