Դաշտանադադարի շրջանում գտնվող որոշ կանայք, ախտանշանների թեթեւացման կամ իրենց ավելի երիտասարդ զգալու համար, կարող են նախապատվություն տալ բիոհամանման հորմոններին, ինչը այլ կերպ անվանում են նաեւ բնական հորմոնալ թերապիա:

Բիոհամանման թերապիա հասկացությունը ներմուծվեց հանրահայտ Օփրա Ուինֆրի եւ Սյուզեն Սոմերսի կողմից, իսկ ընկերություններն իրենց հերթին, գովազդում են, եր իրենց բիոհամանման արտադրանքը, ի տարբերություն մյուսների, չունի այդպիսի հեռակա ռիսկեր եւ կողմնակի ազդեցություններ: Մինչդեռ փորձագետները պնդում են, որ նույնիսկ եթե այս հորմոնները բնական ծագման են, միեւնույն է երաշխիք չկա, որ դրանց բաղադրիչներն անվնաս են:

Դաշտանադադարի ընթացքում կանանց ձվարանները զգալիորեն նվազեցնում են սեռական հորմոնների՝ էստրոգենների եւ պրոգեստերոնի արտադրությունը, ինչը կարող է հանգեցնել այնպիսի ախտանշանների, ինչպիսիք են ջերմահորդանքները, քնի խանգարումները,միզարձակման խանգարումները, հեշտոցային խնդիրները, տրամադրության հաճախակի փոփոխություններն ու օստոեպորոզը:

Հորմոնփոխարինող թերապիան (ՀՓԹ) կարող է թեթեւացնել այս ախտանշաններից մի քանիսը: Այնուամենայնիվ ՀՓԹ-ն 2002 թվականից սկսեցին զգալիորեն ավելի քիչ օգտագործել,այն բանից հետո, երբ Women's Health Initiative անունով խոշոր հետազոտությունը ցույց տվեց էստրոգեն –պրոգեստերոն համակցված դեղորայքի եւ սրտային հիվանդությունների, կրծքագեղձի քաղցկեցի եւ այլ լուրջ պաթոլոգիաների առաջացման ռիսկի միջեւ կապը: Վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ միայն առանց պրոգեստերոնի էստրոգենն է, որը չի բարձրացնում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Որոշ կանայք նախընտրում են բիոհամանման թերապիան ախտանշանների թեթեւացման համար: Harvard Health Publications-ի համաձայն դա հորմոնների խառնուրդ է, որն ունի նույնպիսի մոլեկուլյար կառուցվածք, ինչպիսին կնոջ օրգանիզմում է: Հորմոնի հիմնական կառուցվածքը ստանում են սոյա կամ յամսա կոչվող բույսերից, որից հետո այն փոխակերպվում է՝ էստրոգեն կամ պրոգեստերոն նմանակելու համար: Այստեղ պետք է ավելացնել, որ բույսերը բնության մեջ նույնական չեն մարդկային հորմոնների հետ, ուստի դրանք պետք է փոփոխվեն՝ մարդու օրգանիզմում յուրացվելու համար:

Բիոհամանման հորմոնները կարելի է ընդունել տարբեր եղանակներով՝ տարբեր պլաստիրների, քսուքների կամ այլ հեշտոցային հավելումների միջոցով, տեղեկացնում է Fox News-ը:

Նյու Յորքի Լուսավորչական եկեղեցու հիվանդանոցի էնդոկրինոլոգ,  դոկտոր Քրիստինա Մատերան նախազգուշացնում է, որ հիվանդները պետք է իմանան FDA կողմից չհաստատված խառնուրդների օգտագործման ռիսկերի մասին: Տվյալ դեպքում հիմնական խնդիրներից մեկն այն է, որ հնարավոր չէ կարգավորել ընդունվող յուրաքանչյուր հորմոնի քանակությունը:Այսպիսի խարնուրդները ինքնին չեն համապատասխանում որակի Food and Drug Administration (FDA, ԱՄՆ-ի Առողջապահության գործակալություն) չափանիշներին:

FDA-ն խստացրեց իր պահանջները դեղագիտական խառնուրդների հանդեպ այն բանից հետո, երբ Մասաչուսեթս նահանգում փակվեց այդիպիսի արտադրություններից մեկը, թունավոր ստերոիդների վաճառքի պատճառով, որոնք ավելի քան 60 մահվան եւ 700 սնկային մենինգիտի պատճառ էին դարձել:

Դեղորայքային խառնուրդներ հատուկ հիվանդի համար պատրաստելը ունի նաեւ իր դրական կողմերը: Օրինակ, եթե հիվանդն ալերգիա ունի դասական դեղամիջոցի այս կամ այն բաղադրիչի հանդեպ, ապա նրանց համար հատուկ բաղադրությամբ դեղամիջոցի պատրաստումը կարող է անվտանգ լինել, չնայած այս դեպքում նույնպես չի կարելի վստահ լինել պահպանվում է արդյոք ճիշտ դեղաչափը թե՞ ոչ:

Մատերան հայտարարեց, որ եթե բիոհամանման արտադրանքը հաստատվեր FDA կողմից, ապա ավելի լավ կլիներ, որպեսզի հիվանդներն օգտագործեին հենց այս դեղամիջոցները, քանի որ արտադրության ժամանակ դրանք կենթարկվեին ավելի մանրակրկիտ ստուգման եւ հսկման: