Ըստ Վաթեռլոոյի համալսարանի հետազոտողի գլխավորությամբ վերջերս անցկացված միջազգային ուսումնասիրության՝ դեմենցիայի ախտորոշման և բուժման ոլորտում զգալի առաջընթացի շնորհիվ վերջին տարիներին դեմենցիայով ախտորոշված մարդկանց ապրելունակության մակարդակը բարելավվել է։
Հետազոտության ընթացքում 2000-2018 թվականներին աշխարհի ութ տարածաշրջաններում բնակվող դեմենցիայից տառապող 60 տարեկանից բարձր ավելի քան 1,2 միլիոն մարդկանց տվյալներ են վերլուծել։
Այդ շրջաններից հինգում, ներառյալ՝ Օնտարիոյում, մահվան ռիսկը ներկայում ավելի ցածր է, քան նախորդ տարիներին։
Հոդվածը հրապարակվել է Communications Medicine բժշկագիտական հանդեսում։ «Դեմենցիան համաշխարհային հանրային առողջապահության առաջնահերթություն է, - ասում է Հանրային առողջապահության գիտությունների դպրոցի դոցենտ և հետազոտության գլխավոր հեղինակ, դոկտոր Հաո Լուոն։ -Դեմենցիայով ապրող մարդկանց ապրելունակության փոփոխության ըմբռնումը ժամանակի ընթացքում և տարբեր առողջապահական համակարգերում կարող է օգնել քաղաքականության մշակողներին գնահատել առողջապահական և սոցիալական խնամքի ծառայությունների վրա դրա իրական ազդեցությունը»։
Գիտնականը նշել է, որ գոյատևման հավանականության աճը, հավանաբար, պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսին են վերջին տարիներին դեմենցիայի կանխարգելման և բուժման ոլորտում առաջընթացը, ինչպես նաև ավելի արդյունավետ դեղորայքային բուժումը և անհատի կարիքներին հարմարեցված հոգեսոցիալական միջամտությունները։
Առաջնային բուժօգնության ավելի մեծ ներգրավվածության պայմաններում, դեմենցիայից տառապող մարդիկ հիվանդության ուշ փուլերում ավելի հաճախ են դիմում հիվանդանոց, ինչը հանգեցնում է մահացության ավելի բարձր ռիսկի՝ հիվանդանոցում դեմենցիայի առաջին ախտորոշումից հետո։
Հինգ տարածաշրջաններում մահացության ռիսկի կայունորեն դիտարկվող նվազումը կազմել է մասնակիցների ընդհանուր թվի 84%-ը։ Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում, Թայվանում, Ֆինլանդիայում և Գերմանիայում ընդունվել կամ մշակման փուլում են դեմենցիայի դեմ պայքարի ազգային ռազմավարություններ։ Լուոն նշում է, որ իր ապագա հետազոտությունը կանդրադառնա ուղեկցող հիվանդությունների դերին:






