ԱՄՆ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է վերջին 25 տարվա ամենաբարձր մակարդակին, այս տարի հաստատվել է ավելի քան 1270 դեպք։
Ջոնս Հոփքինսի համալսարանի նոր տվյալների համաձայն՝ այս թիվը գերազանցում է 2019 թվականին սահմանված նախորդ ռեկորդը՝ 1274 դեպք։ Մասնագետները կասկածում են, որ դեպքերի իրական թիվը կարող է շատ ավելի բարձր լինել, քանի որ շատ դեպքեր չեն հաղորդվում։
Այս տարի ԱՄՆ-ում կարմրուկից մահացել է երեք մարդ՝ երկու երեխա Տեխասում և մեկ մեծահասակ Նյու Մեքսիկոյում։ CNN-ը հաղորդում է, որ ոչ ոք չի պատվաստվել։
Կարմրուկը, որը աշխարհի ամենավարակիչ հիվանդություններից մեկն է, 2000 թվականին ԱՄՆ-ում հայտարարվել է վերացված՝ կարմրուկի, խոզուկի և կարմրախտի (MMR) պատվաստանյութի լայնորեն կիրառման շնորհիվ։ Նոր դեպքերը պայմանավորված են պատվաստումների մակարդակի զգալի անկմամբ։
Ամենամեծ բռնկումը՝ մինչ այժմ ավելի քան 750 դեպքով, սկսվել է Արևմտյան Տեխասում հունվարին։ Գեյնս շրջանում, որտեղ սկսվել է բռնկումը՝ մանկական պատվաստումների ամենացածր ցուցանիշներից մեկն ունի նահանգների շարքում։
Մանկապարտեզի գրեթե յուրաքանչյուր չորս երեխաներից մեկը չի ստացել կարմրուկի, խոզուկի և կարմրախտի (MMR) պարտադիր պատվաստումները 2024-25 ուսումնական տարվա համար։
Հիվանդության բռնկումը տարածվել է նաև Նյու Մեքսիկոյի և Օկլահոմայի մոտակա շրջաններում և կարող է կապված լինել Կանզասի դեպքերի հետ։
Ընդհանուր առմամբ, այս տարի կարմրուկի դեպքեր են գրանցվել առնվազն 38 նահանգներում։
Հիվանդությունը տարածվել է նաև օդային ճանապարհորդությունների հետևանքով։ Կոլորադոյում կարմրուկով վարակված այլ նահանգից մեկն ինքնաթիռով ճանապարհորդել է վարակիչ վիճակում, ինչը հանգեցրել է մի քանի նոր դեպքերի, այդ թվում՝ այդ պահին օդանավակայանում գտնվող մարդկանց շրջանում։






