Ինչո՞վ է Հայաստանի առողջապահական համակարգը տարբերվում տարածաշրջանի այլ երկրների համակարգերից: Կա՞ն արդյոք առավելություններ: Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար Վեզի Մսիշայի հետ:

Վեզի Մսիշայի կարծիքով՝ Հայաստանում կառավարությունը՝ Համաշխարհային բանկի եւ այլ գործընկերների հետ համատեղ առողջապահական ոլորտում մի շարք կարեւոր բարեփոխումներ է իրականացրել: Տարածաշրջանի շատ այլ երկրներում, նրա խոսքով, դեռ փորձում են ճանապարհներ գտնել՝ բոլոր այդ բարեփոխումներն իրականացնելու համար: Հետխորհրդային երկրներից, նրա կարծիքով, լավ առողջապահական բարեփոխումներ է իրականացրել նաեւ Էստոնիան:

Ո՞ր բարեփոխումներն են, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավարի կարծիքով, ամենակարեւորը:

Նախեւառաջ, ինչպես նշել է Վեզի Մսիշան, կարեւոր էին առողջապահական համակարգի ֆինանսավորման բարեփոխումները, առաջնային օղակի ծառայությունների մատուցման բարեփոխումները եւ ընտանեկան բժշկության կոնցեպտի ընդունումն ու զարգացումը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Վեզի Մսիշան նաեւ նշել է, որ խնդիրներ եւ մարտահրավերներ կան ցանկացած երկրի առողջապահական համակարգում՝ նույնիսկ ամենաիդեալական համակարգում, այդ իսկ պատճառով, աճելու եւ նոր բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը միշտ էլ կա: