Հայաստանը շարունակում է կյանքի կոչել իր հանձնառությունը՝ բնակչությանը պատվաստումներով ապահովելու ուղղությամբ՝ պահպանելով մանկական պլանային պատվաստումների շուրջ 93 տոկոս ծածկույթ նույնիսկ ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է UNICEF Armenia–ն։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՀԿ-ը հայտնել էր Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում երեխաների պատվաստումների ծածկույթի նվազման մասին։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ UNICEF Armenia–ի, առաջընթաց է գրանցվել նաև մարդու պապիլոմավիրուսի պատվաստումների իրականացման գործում, մասնավորապես աղջիկների շրջանում որպես հիմնական թիրախային խմբի։ Չնայած սկզբնական հապաղումներին և ապատեղեկատվությանը, պատվաստումների ծածկույթը աճել է՝ 2018 թվականին գրանցված 8 տոկոսից 2024-ին հասնելով 34 տոկոսի, իսկ  2025 թվականի հունիսին՝ արդեն 40 տոկոսի:

Եվս մեկ կարևոր քայլ էր 2025 թվականի հունվարից ջրծաղիկի պատվաստման ներառումը Պատվաստումների ազգային օրացույցում: Ըստ ՀՀ ԱՆ տվյալների՝ 2025 թվականի հունիսի վերջին ջրծաղիկի պատվաստում է ստացել  համապատասխան խմբի բնակչության 30 տոկոսը։