Հայաստանում ծնելիության 114 տղա՝ 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը ոչ միայն սելեկտիվ աբորտներով է պայմանավորված: Այստեղ նաեւ երկրորդ բաղադրիչը՝ սթրեսի գործոնը պետք է հաշվի առնել: Այս մասին նոյեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում բնապահպան Կարինե Դանիելյանն է նշել:
Փորձագետը հիշեցրել է, որ այսպես կոչված «պատերազմական տարիների ֆենոմեն» գոյություն ունի: Մասնավորապես, Առաջին աշխարհամարտին առնչվող հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ տղաների թվի՝ 100 աղջկա նկատմամբ հարաբերակցությունը 104-ից 108-ի կարող է հասնել, ինչը միանգամայն շոշափելի ցուցանիշ է հանդիսանում:
Կարինե Դանիելյանի խոսքով, հիշյալ ֆենոմենը ոչ միայն պատերազմներին, այլ, ընդհանրապես, սթրեսային իրավիճակներին է վերաբերում. նման դեպքերում, երբ մարդկությունը սթրեսի առաջ է կանգնած, ավելի շատ տղաներ են լույս աշխարհ գալիս: Փորձագետի մեկնաբանմամբ, երբ, անկախ պատճառից, լինի դա պատերազմ, երկրաշարժ թե արտագաղթ, տղամարդկանց թվի կրճատում է նկատվում, պոպուլյացիան պետք է համարժեք պատասխանը տալու եղանակ գտնի: Կարինե Դանիելյանը հիշեցրել է, որ այսօր Հայաստանում արտագաղթի չափազանց բարձր մակարդակ է առկա, իսկ երկիրը լքողներն էլ մեծ ի մասամբ հենց տղամարդիկ են հանդիսանում:
Այս տեսանկյունից հատկապես հարեմներում իրականացված հետազոտություններն են հատկանշական, որոնց արդյունքների համաձայն, երբ մեկ տղամարդուն 100-150 կին է բաժին հասնում, միկրոպոպուլյացիան համարժեք պատասխան է տալիս՝ լույս աշխարհ եկած տղաների թիվը կրկնակի բարձր է դառնում:
Բնապահպանի խոսքով, հետազոտությունները ցույց են տալիս, որ սթրեսային իրադրության առաջ կանգնած մարդկային պոպուլյացիան երկու պատասխան ունի: Առաջինը, տղամարդու եւ կնոջ կյանքի միջին տեւողության միջեւ տարբերությունն է աճում՝ կանայք սկսում են ավելի երկար ապրել, իսկ տղամարդիկ էլ՝ ավելի վաղ մահանալ, երկրորդը, լույս աշխարհ եկած տղաների թիվն է աճում: Սակայն երկրորդ պատասխանը վտանգավոր է այնքանով, որ սթրեսի հաղթահարման գործում հաջողության չհասած պոպուլյացիայի պարագայում կարող է դրա ոչնչացման հանգեցնել, ինչպես որ Նոր Զելանդիայի աբորիգենների հետ պատահեց:
«Իմ պատկերացմամբ մենք մտել ենք շատ վտանգավոր փուլ: Սթրեսի պատասխանն այն է, որ տղաները շատ են ծնվում։ Դրան միանում են նաեւ սելեկտիվ աբորտները, ցածր ծնելիությունը, որ մենք մեզ չենք վերարտադրում։ Այս ամենի հետեւանքով մենք զրկվում ենք ապագա մայրերից», – նշել է փորձագետը:
Կարինե Դանելյանի եզրահանգումը հետեւյալն է՝ անշուշտ, սելեկտիվ աբորտների դեմ պայքար պետք է մղել, սակայն արտագաղթը, մասնավորապես՝ տղամարդկանց արտահոսքը չդադարեցնելու պարագայում լույս աշխարհ եկող տղաների եւ աղջիկների թվի հարաբերակցության ուղղումն անհնարին կարող է դառնալ:
«Երբ մեզ Եվրոխորհուրդն է մեղադրում, որ այնքան վայրենի ազգ ենք, որ ոչնչացնում ենք աղջիկներին, ՄԱԿ-ն է մեղադրում, եւ այլն, ես ամեն անգամ դրա մասին խոսում եմ, որ սա ողբերգությունն է ազգի, երկու երեւույթ են միացել իրար, եւ միայն մեկը տեսնելն ու մեզ վայրենիների շարքին դասել ուղղակի սխալ է», - նշել է նա:






