ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուրբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մերժում է անցյալ տարի համաձայնեցված բարեփոխումները, որոնք ուղղված էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակների դեմ պայքարի միջոցառումների ուժեղացմանը՝ նշելով, որ դրանք ոտնահարում են ազգային ինքնիշխանությունը, հաղորդում է AFP-ն։
Հունվարի 20-ին իշխանության վերադարձած Թրամփը անմիջապես սկսել է երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու ընթացակարգը։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ 2023 թվականին ընդունված ձևակերպումները դեռևս պարտադիր կլինեին Միացյալ Նահանգների համար՝ չնայած դուրս գալուն։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի-կրտսերը, ով պատվաստանյութերի վաղեմի քննադատ է՝ համատեղ հայտարարության մեջ նշել են, որ փոփոխությունները «լի են մեր ազգային ինքնիշխան իրավունքի՝ առողջապահական քաղաքականություն որոշելու անհիմն միջամտությամբ»։
«Մենք մեր բոլոր գործողություններում ամերիկացիներին առաջնահերթ կդասենք և թույլ չենք տա միջազգային քաղաքականություն, որը ոտնահարում է ամերիկացիների խոսքի ազատությունը, անձնական կյանքի անձեռնմխելիությունը կամ անձնական ազատությունները», - հայտարարել են նրանք։
Ռուբիոն և Քենեդին պաշտոնապես կասեցրել են Միացյալ Նահանգների մասնակցությունը Միջազգային առողջապահական կանոնակարգի մի շարք փոփոխություններին, որոնք իրավական փաստաթղթեր են և կարգավորում են հիվանդությունների դեմ պայքարում համաշխարհային համագործակցությունը։ Դրանք ընդունվել են Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կողմից 2023 թվականին։
«Մենք ցավում ենք փոփոխությունները մերժելու ԱՄՆ որոշման համար», - ասվում է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ բարեփոխումները «հստակ արտացոլում են անդամ պետությունների ինքնիշխանությունը» և ասել է, որ ԱՀԿ-ն «չի կարող թույլատրել կարանտինը կամ նմանատիպ միջոցառումները»:






