Արգենտինացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ միաժամանակ մի քանի պեստիցիդների ազդեցությունը զգալիորեն մեծացնում է հղիության բարդությունների հավանականությունը՝ մեկ նյութի ազդեցության համեմատ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Direct ամսագրում։

Գիտնականները հետևել են Սանտա-Ֆեի գյուղական շրջանի շուրջ 90 հղի կանանց, որտեղ օգտագործվում են տասնյակ տեսակի պեստիցիդներ։ Մասնակիցների 81%-ի մեզի մեջ հայտնաբերվել է առնվազն մեկ պեստիցիդ, իսկ 64%-ի մոտ՝ մի քանիսը։

Նրանց շրջանում, ովքեր բազմակի ազդեցության են ենթարկվել, հղիության բարդություններ են առաջացել 34%-ի մոտ։

Գյուղական բնակավայրերի բնակիչներն ավելի հաճախ են ենթարկվել բազմակի ազդեցության և երկու անգամ ավելի հաճախ են բախվել հղիության ընթացքում խնդիրների, քան քաղաքաբնակները։

Հաճախակի խնդիրներից մեկը եղել է գեստացիոն հիպերտենզիան, իսկ ամենատարածվածը՝ պտղի ներարգանդային զարգացման դանդաղումը։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ժամանակակից նորմերը պեստիցիդների ռիսկը գնահատում են առանձին-առանձին, թեև մարդկանց մեծամասնությունը բախվում է դրանց խառնուրդներին։

Հատկապես վտանգավոր են ճանաչվել եգիպտացորենի և սոյայի մշակության մեջ լայնորեն կիրառվող տրիազոլային ֆունգիցիդները, որոնք նախկինում կասկածվում էին վերարտադրողական թունավորության մեջ։

Հետազոտողները կոչ են անում ավելի լայնածավալ բիոմոնիթորինգային հետազոտություններ անցկացնել և վերանայել պեստիցիդների կիրառման չափորոշիչները, հատկապես գյուղական վայրերում, հղի կանանց և ապագա երեխաների առողջությունն ավելի լավ պաշտպանելու համար։