Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ նախադաշտանային համախտանիշով տառապող կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը ավելի մեծ է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cardiovascular Research ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 99 հազար կին։ Գիտնականները համեմատել են նախադաշտանային համախտանիշով տառապող և այդ խնդիըր չունեցող կանանց առողջությունը՝ այդ թվում նաև քույրերի շրջանում, որպեսզի բացառեն ժառանգության և դաստիարակության ազդեցությունը։ Հիվանդների առողջությունը դիտարկվել է շուրջ 22 տարի։

Պարզվել է, որ նախադաշտանային համախտանիշով կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների վտանգը միջինում 10%-ով ավելի բարձր է։ Հատկապես ուժեղ կապ է նկատվել արիթմիայի հետ՝ որի ռիսկը բարձրացել է 31%-ով, իսկ իսքեմիկ ինսուլտի (թրոմբով առաջացած ինսուլտ) ռիսկը 27%-ով։

Նույնիսկ հաշվի առնելով ծխելը, մարմնի զանգվածը և հոգեկան առողջությունը, այնուամենայնիվ համաշտանիշի և սրտանոթային հիվանդությունների միջև կապը պահպանվել է։ Հետազոտության գլխավոր հեղինակ Իխուեյ Յանի խոսքով՝ ամենախոցելի խմբում հայտնվել են այն կանայք, որոնց մոտ համախտանիշի նշանները սկսվել են մինչև 25 տարեկանը։ Նաև վտանգի տակ են նրանք, ովքեր ունեցել են ծննդաբերությունից հետո դեպրեսիա՝ ևս մեկ վիճակ, որը կապված է հորմոնալ տատանումների հետ։

Գիտնականները դեռևս չեն հայտնաբերել այս կապի հստակ պատճառը։ Նրանք ենթադրում են, որ համաշտանիշի ժամանակ ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգի աշխատանքում կարող են խանգարումներ առաջանալ, որը կարգավորում է արյան ճնշումը, ինչպես նաև աղաջրային հավասարակշռությունը։

Գիտնականները նշում են նաև, որ նախադաշտանային համախտանիշը կարող է նպաստել օրգանիզմում քրոնիկ բորբոքման առաջացմանը։ Այս վիճակը բարձրացնում է աթերոսկլերոզի և այլ սրտանոթային խանգարումների ռիսկը։