Լամոտրիջինի մեկ դոզան, որը սովորաբար օգտագործվում է երկբևեռ խանգարման դեպքում դեպրեսիվ պահերի կանխարգելման համար՝ կարող է փոխել հիշողությունը և իրադարձությունների ընկալում ավելի դրական դարձնել։ Այս մասին հայտնում են Օքսֆորդի և Պորտուգալիայի Մինյու համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Psychological Medicine ամսագրում։

Փորձարկմանը մասնակցել են 36 առողջ կամավորներ՝ առանց հոգեբուժական կամ նյարդաբանական ախտորոշումների։ 300 մգ լամոտրիջին (կամ պլացեբո) ընդունելուց երեք ժամ հետո մասնակիցները կատարել են կոգնիտիվ թեստերի շարք, որոնք գնահատում էին հուզական տեղեկատվության ընկալումը և հիշողությունը։ Պարզվել է, որ դեղամիջոց ստացած փորձարկվողները ավելի լավ էին հիշում անձի հետ կապված դրական բառերը, քան բացասականները։ Պլացեբո խումբը նման ազդեցություն չի ցուցաբերել։

Սա կարող է նշանակել, որ լամոտրիջինն ազդում է այն բանի վրա, թե ինչպես է մարդն ընկալում իր մասին հուզականորեն նշանակալի տեղեկատվությունը։ Սակայն դեղամիջոցը չի փոխել դեմքի արտահայտությունների, հուզական բառերի կամ մասնակիցների տրամադրության ընկալումը. դրա ազդեցությունը սահմանափակվել է հենց հիշողությամբ։

Նախկինում հուզական հիշողության մեջ նմանատիպ փոփոխություններ դիտվել են հակադեպրեսանտների ընդունման դեպքում, ինչը համարվում է դրանց ազդեցության առաջին նշաններից մեկը։ Լամոտրիջինի ուսումնասիրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այն նույնպես կարող է ազդել դեպրեսիայի հետ կապված կոգնիտիվ մեխանիզմների վրա, հատկապես երկբևեռ խանգարում ունեցող մարդկանց մոտ, ովքեր հակված են կենտրոնանալ բացասական հիշողությունների և ինքնագնահատականի վրա։

Հեղինակները շեշտում են, որ արդյունքները հետաքրքիր հեռանկար են բացում. հնարավոր է, որ լամոտրիջինն օգնում է կայունացնել տրամադրությունը ոչ միայն նյարդաքիմիական գործընթացների հաշվին, այլև հիշողության և ինքնընկալման նուրբ կարգավորման միջոցով։ Սա նոր տեսանկյուն է բացում դեղամիջոցի ազդեցության մեխանիզմների վերաբերյալ։