Բոխումի Ռուրի համալսարանի գիտնականները մշակել են քաղցկեղի բջիջների ոչնչացման հատուկ տեսակ առաջացնող դեղամիջոց, որն ակտիվացնում է օրգանիզմի իմունային պատասխանը։ Դա իմունային համակարգին հնարավորություն է տալիս ոչ միայն ճանաչել ուռուցքը, այլև ոչնչացնել դրա մետաստազները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Medicinal Chemistry (MedChem) բժշկագիտական հանդեսում:
Դեղամիջոցի հիմքը գալիումի միացություն է դարձել։ Հայտնվելով քաղցկեղի բջջի մեջ՝ այն ուժեղ սթրես է առաջացնում դրա մեջ, ինչը հանգեցնում է քաղցկեղի բջջի քայքայմանը։ Միևնույն ժամանակ, բջիջն ազդանշանային մոլեկուլներ է արտազատում՝ հատուկ սպիտակուցներ, որոնք «հաղորդագրություններ» են փոխանցում իմունային համակարգին։ Այս գործընթացը հայտնի է որպես իմունային միջնորդությամբ բջջային մահ։
Դրա շնորհիվ օրգանիզմը կարողանում է «սովորել» նույնականացնել չարորակ բջիջները և նպատակասլաց պայքարել դրանց դեմ, նույնիսկ եթե դրանք գտնվում են օրգանիզմի այլ մասերում: Լաբորատոր պայմաններում նոր մոտեցումն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը արգանդի վզիկի քաղցկեղի բջիջների դեմ։
Այժմ հետազոտողների մի խումբ աշխատում է թերապիան հնարավորինս ճշգրիտ և անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Մասնավորապես, գիտնականները մշակում են եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս դեղամիջոցն ակտիվացնել միայն ուռուցքի ներսում, օրինակ՝ լույսի կամ ուլտրաձայնի միջոցով։ Երկարաժամկետ հեռանկարում այս մոտեցումը կնվազեցնի առողջ հյուսվածքի վրա ազդեցությունը և կբարձրացնի բուժման արդյունավետությունը։






