Սելեկտիվ աբորտների հարցը Հայաստանում շատ հրատապ է, դա մի խնդիր է, որը պատուհասել է մեզ, կարծում է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Նոյեմբերի 3–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ «այս հարցում մեր երկիրը առաջնային դիրքերում է, այսինքն, մենք կատաղի պայքար ենք մղում աղջիկ երեխաների դեմ»։
Ըստ պատգամավորի, բացի այն, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս երեխայի սեռը վաղաժամ որոշելու, եւ աբորտ անելու, կա որոշակի կարծրատիպ, գիտակցություն, որի դեմ պետք է պայքարել։
Կ. Աճեմյանը համարում է, որ խնդրի օրենսդրական կարգավորումը, չնայած հնարավոր կոռուպցիոն ռիսկերի, եւս որոշակի արդյունքի կհանգեցնի, սակայն առաջնայինը, այնուամենայնիվ, մարդու գիտակցությունն է։
«Աստծո պարգեւ է երեխան, եւ յուրաքանչյուր մոր համար աղջիկը պետք է շատ մեծ նվեր լինի, բայց պարզվում է, որ հենց երիտասարդ կանայք իրենց ցանկությամբ առաջին հղիության դեպքում ձերբազատվում են աղջիկ երեխայից։ Ապագա զինվորը շատ կարեւոր է, տղամարդիկ շատ կարեւոր են, բայց ապագա մայրն էլ է շատ կարեւոր», – ասել է նա, հավելելով, որ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում այսօր առաջին դասարանում կա 16 տղա եւ ոչ մի աղջիկ։
Ըստ Կարինե Աճեմյանի, այս երեւույթը պատերազմի հետ կապելը ճիշտ չէ, որովհետեւ ուսումնասիրությունների համաձայն, պատերազմների հետեւանքով տղաների քանակի այդքան շոշափելի աճ չի արձանագրվում։
«Ընտանիքներում պետք է հասկանան, որ ապագա մայրերի դեմ չի կարելի պայքարել, դա շեղում է մեր ժողովրդագրական ցուցանիշները», – ասել է նա։






