Կնոջ կյանքում թերևս ամենագեղեցիկ ու հուզիչ պահը երեխայի լույս աշխարհ գալն է։ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում երեխայի ծնունդը ոչ միայն ծննդատան բնականոն աշխատանքի արդյունք է, այլև ամենալուսավոր իրադարձություններից մեկը։

«Սլավմեդ»-ի ծննդատունը գործում է բժշկական կենտրոնի հիմնադրման օրվանից՝ 2014-ից, և այսօր արդեն ամրապնդել է իր դիրքը՝ որպես ծննդօգնության առաջատար հաստատություն Հայաստանում։ Բացումից մինչ այսօր «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում ծնվել է ավելի քան 15․000 երեխա, ամեն տարի ծնունդների թիվն ավելանում է, ինչը ծննդատան հանդեպ վստահության իրական ցուցիչներից է։

Անհատական մոտեցում յուրաքանչյուր ծննդկանի, միջազգային ստանդարտներին համապատասխան ծննդօգնության ապահովում և, իհարկե, սեր ու հոգատարություն նորածինների հանդեպ. այս արժեքներն են «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ծննդատան գործունեության հիմքում։ 

Յուրաքանչյուր ծնունդ նոր կյանքի սկիզբ է, իսկ վստահությունը՝ անփոխարինելի արժեք

«Ինձ ճանաչողները գիտեն, թե որքան եմ սիրում նորածիններին, և ծննդատուն ունենալն իմ մեծագույն նպատակներից ու երազանքներից  է եղել։ Ծննդատան կառուցվածքը պլանավորելիս առանձնակի ուշադրությամբ ենք մոտեցել։ Վստահ էի, որ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ծննդատունը պետք է լինի այնպիսին, որտեղ կինն իրեն ապահով, հուսալի և պաշտպանված կզգա, կհաղթահարի իր վախերը, կգիտակցի, որ ծննդաբերությունն այլևս ամենադժվար փորձառությունը չէ։ Այն կարող է ուղեկցվել ջերմ միջավայրում՝ հոգատարությամբ, աջակցությամբ, պրոֆեսիոնալների հսկողությամբ»,- ասում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր-տնօրեն Արմինե Հովակիմյանը և հավելում,- «Անգնահատելի զգացողություններ են, երբ տեսնում ենք երջանիկ մայրիկին և նրա գրկում՝ առողջ փոքրիկին։

Արմինե Հովակիմյան, «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր-տնօրեն.jpg (3.78 MB)

Հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր ծննդատունն այն եզակիներից է, որը հիմնադրման օրվանից սկսած ամեն տարի ավելի շատ ծնունդներ է ընդունում։ Տարիների հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ մենք ստեղծել ենք ամուր հիմքեր, մշտապես կայուն ու շարունակական աճ ենք գրանցում։ Յուրաքանչյուր ծնունդ նոր կյանքի սկիզբ է, իսկ վստահությունը՝ անփոխարինելի արժեք»:

Առողջ մայրիկ, առողջ բալիկ

Հղիության և մայրության ընթացքում կինն առավել զգայուն է, ու կարևոր է ունենալ վստահելի, հոգատար բժիշկ, ով մշտապես կնոջ կողքին է։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում հղին հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրել բժշկին, ով կվարի հղիության ամբողջ ընթացքը՝ սկզբնական փուլից մինչև ծննդաբերություն և հետծննաբերական շրջան։ Բժիշկը մշտապես կապի մեջ է լինում ապագա մայրիկի հետ․ յուրաքանչյուր հարց մանրակրկիտ քննարկվում է, տրվում են մասնագիտական ցուցումներ և խորհուրդներ։

«Մենք ցանկանում ենք, որ մայրիկները լինեն տեղեկացված, պատրաստված, ինքնավստահ։ Դա նվազեցնում է վախերը, սթրեսը և նպաստում ծննդաբերությունից հետո արագ վերականգնմանը»,- նշում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ծննդատան և գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանը։

Դավիթ Իգնոյան, «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ծննդատան և գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար jpg.jpg (3.58 MB)

Եվրոպական չափանիշներով համալիր ծննդօգնություն՝ մեկ վայրում

«Ծննդօգնությունը բացառիկ բարդ ու պատասխանատու գործընթաց է, չէ որ պատասխանատու ենք երկու կյանքի համար։ Այստեղ յուրաքանչյուր րոպեն, նույնիսկ վայրկյանը, կարող է որոշիչ լինել։ Շատ կարևոր են թիմի պրոֆեսիոնալ պատրաստվածությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը, ժամանակակից սարքավորումները և, իհարկե, համակարգված աշխատանքը։ Երբ ապագա մայրիկը հղիության ամբողջ ընթացքում հսկվում է մեր կենտրոնում, մեր բժիշկները հետևում են նրա և պտղի առողջությանը։ Շարունակական վերահսկողության միջոցով վաղ ենք հայտնաբերում ռիսկերը, կանխում ենք բարդությունները և արդյունավետ կազմակերպում ծննդօգնությունը։ Թեպետ, ծննդաբերությունն ինքնին անկանխատեսելի գործընթաց է, և, բժիշկները միշտ պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման»,- ասում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր-տնօրեն Արմինե Հովակիմյանը։

Հղիության ողջ ընթացքում իրականացվում է փուլային հսկողություն։ Անցկացվում են լաբորատոր և ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտություններ, ինչպես նաև պարտադիր մասնագիտական զննումներ թերապևտի, էնդոկրինոլոգի և այլ նեղ մասնագետների կողմից։

Հետազոտությունների արդյունքում նորմայից շեղումներ հայտնաբերելու դեպքում հղիներն անմիջապես հոսպիտալացվում են «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հղիության ախտաբանության բաժանմունք՝ մինչև վիճակի կայունացումը։ Ծննդաբերությունից հետո մինչև դուրս գրվելը բոլոր կանայք պարտադիր անցնում են ուլտրաձայնային հետազոտություն՝ վերահսկելու հետծննդաբերական առողջական վիճակը։

1.jpg (13.62 MB)

Շատ կանայք ունենում են, այսպես կոչված, «հետծննդաբերական սթրես», որը գրեթե անխուսափելի երևույթ է։ Դրա նվազեցման ամենաարդյունավետ մեթոդներից է մոր և մանկան համատեղ կեցությունը, որն այսօր ընդունված է ամբողջ աշխարհում և կիրառվում է նաև «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ծննդատունն ունի գինեկոլոգիական, մանկաբարձական, հղիության ախտաբանության, նորածնային, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ։

Ծննդատանը գործում են ծնարանային անհատական սրահներ, որոնք հագեցած են մոնիտորներով, թթվածնի մատակարարման սարքավորումներով, մանկական ռեանիմացիոն սեղանիկներով, տաքացուցիչներով, կարդիոտոկոգրաֆիայի սարքավորումներով, հարմարավետ մահճակալներով և այլ անհրաժեշտ պարագաններով, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետ կերպով  հետևել ծննդկանի և երեխայի վիճակին։ Տրամադրվում է երեքանգամյա դյուրամարս ու վիտամիններով հարուստ սնունդ: Մայրիկն ու երեխան մշտական հսկողության ներքո են։

Ծննդատունը, գինեկոլոգիական և նորածնային բաժանմունքները գործում են որպես միասնական համակարգ

Մոր արգանդում են ձևավորվում կյանքի առաջին կարևոր նախադրյալները, որոնք հիմք են դառնում երեխայի հետագա զարգացման համար։

Մանկաբույժները և նեոնատոլոգները ծանոթանում են հղիության ընթացքին, մոր առողջությանը և մասնակցում ծննդաբերությանը, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում նպատակային արձագանքել, ժամանակին գնահատել ռիսկերն ու արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել նորածնին։

«Վերջերս մեր ծննդատանը լույս աշխարհ եկան երկվորյակներ։ Մայրը հղիացել էր արտամարմնային բեղմնավորման միջոցով։ Հղիությունն ընթանում էր ծանր բարդություններով՝ ուղեկցվելով արգանդի գերլարումով, իսկ ծննդաբերության ընթացքում՝ ինտենսիվ արյունահոսությամբ։ Իրավիճակը պահանջում էր անհապաղ միջամտություն: Մեր թիմը ձեռնարկեց բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու թե՛ երեխաների ծնունդը, թե՛ մոր անվտանգությունը։ Ամենակարևոր հաջողություններից մեկն այն էր, որ կարողացանք ոչ միայն փրկել մայրիկի կյանքը, այլև պահպանել արգանդը»,- պատմում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ծննդատան և գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանը։

ս3.jpg (9.23 MB)

Երեխայի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նեոնատոլոգը ստուգում է երեխայի շնչառությունը, սրտի աշխատանքը, մաշկի գույնը, մկանային տոնուսը, ռեֆլեքսները։ Եթե այս բոլոր ցուցանիշները նորմայում են, կիրառվում է մոր և նորածնի համատեղ կեցության մեթոդը, և երեխան մնում է մոր կողքին։

Ծննդատանը երեխան անցնում է բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու սքրինինգները, այդ թվում՝ կոնքազդրային հոդերի ուլտրաձայնային հետազոտություն, սրտի բնածին հիվանդությունների հայտնաբերում, լսողության սքրինինգ, ինչպես նաև մի շարք մետաբոլիկ համախտանիշների բացահայտմանն ուղղված հետազոտություններ։

«Ավելի քան 2000 նորածին, ովքեր ծնվել են վաղաժամ կամ թերհաս, բուժում և հսկողություն է ստացել «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի նորածնային բաժանմունքում։ Օրեր առաջ մեր բաժանմունք տեղափոխվեց 960 գրամ քաշով նորածին։ Շնորհիվ մեր թիմի մասնագիտական հմտությունների և օպերատիվ գործողությունների՝ այսօր երեխան կայուն վիճակում է, և կյանքին սպառնացող վտանգ այլևս չկա», - նշում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի նորածնային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանը և հավելում․ «Իրական հաջողությունը ժպտացող մայրիկի և առողջ երեխայի վերադարձն է տուն։ Վիճակագրական տվյալներն ընդամենը թվեր են»։

Հովհաննես Ղազարյան, «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի նորածնային բաժանմունքի ղեկավար  (1).jpg (5.14 MB)

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի նորածնային բաժանմունքն ունի երեք բաժին՝ ֆիզիոլոգիական (առողջ նորածիններ), հատուկ խնամքի բաժանմունք (ծանր վիճակում գտնվող երեխաներ) և ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք (ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխաներ)։

Նորածնային բաժանմունքում ներդրված են ժամանակակից բժշկության մեջ համաշխարհային ճանաչում ունեցող վերջին սերնդի սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել նորածինների մոտ հաճախ հանդիպող լուրջ բարդությունները և ապահովել վաղաժամ ծնված նորածինների լիարժեք խնամքի պայմաններ նույնիսկ ամենաբարդ դեպքերի ժամանակ։

ART_1237.jpg (5.25 MB)

Նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքը ևս ապահովված է նորածնային խնամքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով` ճառագայթային տաքացուցիչ, կյուվեզ, ինֆուզոմատ, ֆոտոթերապիայի լամպ, էլեկտրական արտածծիչ սարք, ռեսպիրատոր թերապիայի համար նախատեսված ժամանակակից տեխնոլոգիաներ (արհեստական շնչառության և շնչուղիներում շարունակական դրական ճնշում ապահովող ապարատներ, T-աձև վերակենդանացման սարք), օքսիգենաթերապիայի համար նախատեսված սարքավորումներ (կենտրոնացված թթվածին, թթվածնի հոսքաչափեր, թթվածնային բլենդերներ, խոնավացուցիչներ, թթվածնային վրաններ և այլն), ունիվերսալ մոնիտորներ, որոնք իրականացնում են սրտի զարկերի և շնչառության հաճախության, մարմնի ջերմաստիճանի, արյան թթվածնային հագեցվածության մոնիտորինգ, չափում են նորածնի զարկերակային ճնշումը, ինչպես նաև թույլ են տալիս կատարել էլեկտրասրտագրություն:

«Մեր յուրաքանչյուր քայլը պետք է գիտակցված ու լրջորեն կշռադատված կատարենք, քանի որ գործ ունենք ճակատագրերի հետ, որոնք մեզ համար շատ թանկ են», - ասում է Հովհաննես Ղազարյանը։

Խնամք, հոգատարություն և ջերմ վերաբերմունք. անհատական մոտեցումը «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում գերակա սկզբունք է

«Մեր բոլոր բժիշկների հետևողականությունը և նվիրումը, պրոֆեսիոնալիզմը, մարդասիրական և բարեխիղճ մոտեցումը «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի կարևոր արժեքներից և ձեռքբերումներից են։ Արդյունքը լավ է ստացվում, երբ մեր փորձառու և երիտասարդ բժիշկները միասին են աշխատում։ Տարիների փորձի ու նոր սերնդի գիտելիքների համադրության շնորհիվ է  ձևավորվում հզոր և կայուն մասնագիտական թիմ»,- ասում է Արմինե Հովակիմյանը։

Կենտրոնի ծննդատան բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Նշենք, որ ծննդատան և գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանը ճանաչվել է «Տարվա մանկաբարձ-գինեկոլոգ» «Շնորհակալություն, Բժիշկ 2025» մրցանակաբաշխության ժամանակ։ Այս մրցանակը նույնպես կարևոր ձեռքբերում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի համար, վկայություն բժիշկների բարձր մասնագիտական որակի, նվիրված ու պատասխանատու աշխատանքի։

«Հստակ դերաբաշխումն ու համախմբված թիմային աշխատանքը թույլ են տալիս արդյունավետ արձագանքել, նույնիսկ ամենաբարդ ու անսպասելի իրավիճակներում։ Ամբողջ թիմը միավորվում է և դառնում մեկ ուժեղ բռունցք, ու դա վերաբերում է ոչ միայն ծննդատանը, այլև «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի բոլոր բաժանմունքներին։ Մեր թիմը քննարկում է յուրաքանչյուր դեպք, հատկապես նրանք, որոնք ունեն հատուկ ուշադրության կարիք, և եթե անհրաժեշտություն է լինում, բացի հիմնական հետազոտություններից, կատարվում են նաև լրացուցիչ հետազոտություններ, ներգրավվում են նեղ մասնագետներ։ Այս ամենը լրացուցիչ ռեսուրսներ են ենթադրում, բայց այս դեպքում կյանքն ու առողջությունը վեր են ամեն ինչից», - հավելում է Արմինե Հովակիմյանը։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ծննդատան առանձնահատկությունը յուրաքանչյուր կնոջ և երեխայի նկատմամբ ցուցաբերած անհատական մոտեցման մեջ է՝ խնամք, հոգատարություն և ջերմ վերաբերմունք, որտեղ առաջնային  են կնոջ և նորածնի առողջությունն ու անվտանգությունը։